Ֆրանսիական մամուլը՝ առաջին անգամ Ֆրանսիայում պաշտոնապես Հայոց ցեղասպանությունը հիշատակելու մասին
Ֆրանսիական մամուլն այսօր անդրադարձել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի հիշատակմանը՝ բազում հրապարակումներով։
France24-ում հրապարակված հոդվածը վերնագրվել է․ «Հայոց ցեղասպանություն. Անցյալի ճանաչումը լավագույն բանն է, որ կարող է պատահել Թուրքիայում»։
Հոդվածում նշվում է, որ Ֆրանսիան առաջին անգամ պաշտոնապես նշում է հայերի ցեղասպանության օրը։
«Այս քայլը գոհացրել է հայերին, սակայն առաջացրել Թուրքիայի ցասումը»,-գրել է կայքը։
Նշվում է, որ պատմաբան, ֆրանսիական ինստիտուտում աշխարհաքաղաքականության դասախոս Ռայմոնդ Գևորգյանը (Raymond Kéworkian) France 24-ին ասել է, որ անցյալի ճանաչումը լավագույն բանն է, որ կարող է պատահել Թուրքիայում։
Le Figaro-ն գրել է «Ֆրանսիան պաշտոնապես կհիշատակի Հայերի ցեղասպանությունը»։
Հոդվածում ասվում է, որ Ֆրանսիայում, որը ճանաչել է ցեղասպանությունը 2001թ․-ին, ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության հիշատակման «ազգային օր» սահմանելը եղել է նախագահ Էմանուել Մակրոնի նախընտրական խոստումը, որը հաստատվեց ապրիլի 10-ին։ Հիշատակման միջոցառմանը մասնակցելու է Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը՝ Փարիզում Կոմիտասի արձանի մոտ։
Europe1-ը գրել է․ «Ֆրանսիան հիշատակում է հայերի ցեղասպանությունը․ Շատ հզոր ուղերձ ժխտողականներին»։
Europe1-ը ևս գրում է, որ ֆրանսիան առաջին անգամ կնշի 1915թ․-ի հայերի ցեղասպանության օրը։
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի անդամ Սևակ Սարիկայան (Sevag Sarikaya) ասել է, որ Ֆրանսիայի այս քայլն առաջին հերթին հզոր ուղերձ է ժխտողականներին, ինչպես նաև ֆրանսիացիներին, որ ցեղասպանության հիշատակման օրը ներառվել է օրացույցում։
«Նպատակը այն է, որ նրանք, ովքեր ժխտում են ցեղասպանությունը, այլևս չեն կարող անել այն Ֆրանսիայում, քանի որ սա քննարկում չէ, այլ պատմական փաստ, ինչպես Հոլոքոստը, որը մենք չենք քննարկում Ֆրանսիայում»,-ասել է Սևակ Սարիկայան։