Արգիշտի Քյարամյանը չի բացառում, որ կնշանակվի ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար
Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանը հերքում է, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի։
«Ես որևէ մեկի հետ իմ ազգակցական, քավոր-սանիկական, ընկերական կապերից չեմ ամաչում, երբևէ թաքցնելու որևէ առիթ չեմ ունեցել: Բարոյական էլ չեմ համարում նման կապերը թաքցնելը կամ որևէ կերպ խուսափել դրանցից։ Ես ինքս փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ ունեմ պարոն Գասպարյանի հետ, սակայն քավոր-սանիկական հարաբերություններ մենք չունենք։ Եթե ունենայի այդպիսի հարաբերություններ, մեծ սիրով կբարձրաձայնեի»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արգիշտի Քյարամյանը։
Նա նշեց, որ աշխատել է ոստիկանությունում, Քննչական կոմիտեում, դատախազության տարբեր մարմիններում, և շփումը ոստիկանապետի հետ նաև այդ համատեքստում է եղել։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ մտադի՞ր է զբաղեցնել ՊՎԾ ղեկավարի պաշտոնը, Արգիշտի Քյարամյանն ասաց, որ Դավիթ Սանասարյանը շարունակում է մնալ ՊՎԾ ղեկավարը. «Ես շատ բարձր եմ գնահատում պարոն Սանասարյանի դերը հայ պետակաշինության գործում, շատ հարգում եմ նրան, և նա շարունակում է մնալ ՊՎԾ ղեկավար։ Այս պահին, քանի որ նա այդ ծառայության ղեկավարն է, իսկ մենք՝ աշխատակիցներս, մեծ հույս ունենք, որ պարոն Սանասարյանը կվերադառնա և կղեկավարի այս կառույցը, հետևաբար՝ ես այս համատեքստում բան չունեմ ավելացնելու»:
Նա նաև չցանկացած խոսել, գնահատկան տալ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին՝ նշելով, որ գործի նյութերին ծանոթ չէ. «Սակայն կուզենայի այս հարցին հետևյալ պատասխանը ևս տալ. կարճ ժամանակ է, որ ճանաչում եմ Դավիթ Սանասարյանին և կարծում եմ, որ նա բացառիկ հայրենասիրական դրսևորումներ ցուցաբերած և արդարության, անաչառության տեսանկյունից բացառիկ որակներ ունեցող անձնավորություն է»։
Լրագրողները նորից հարցրեցին, թե հնարավոր է նշանակվի ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար, Արգիշտի Քյարամյանը չբացառեց:
«Բոլորիդ քաջ հայտնի է, որ ՊՎԾ-ն վարչապետին առընթեր մարմին է, և վարչապետը ոնց որոշի, այդպես էլ կլինի»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե օրենսդրության համաձայն, ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար կարող է նշանակվել ավելի բարձր տարիք ունեցող տեղակալը, նա նշեց, որ տեղյակ է այդ մասին, սակայն եթե կա առաջարկ, օրենքն այդ պարագայում չի գործում:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչ հարաբերություններ ունի կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ, Արգիշտի Քյարամյանն ասաց, որ նրան չի ճանաչում։
«Կոռեկտ չեմ համարում քննարկել իմ ունեցվածքը»
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ որտեղի՞ց է ՊՎԾ պետի տեղակալին 32 մլն դրամ և 46 հազար ԱՄՆ դոլար եկամուտը, Արգիշտի Քյարամյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ զուտ էթիկայի տեսանկյունից ճիշտ է քննարկել որևէ մեկի ունեցվածքն ու կարողությունը։ Ես նախկինում աշխատել եմ տարբեր ուժային կառույցներում, զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ։ Պաշտոնապես հայտարարում եմ՝ երբևէ որևէ կոռուպցիոն սկանդալում չեմ եղել, որևէ կլանային համակարգում չեմ եղել, բիզնեսով էլ չեմ զբաղվել։ Կոռեկտ չեմ համարում քննարկել իմ ունեցվածքը»։
Լրագրողները մի քանի անգամ պնդեցին, թե աշխատավարձով հնարավոր չէ այդքան գումար կուտակել, սակայն ՊՎԾ պետի տեղակալը չցանկացավ հիմնավորել և հեռացավ կառավարությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում