«Զոն նայողների» արտոնությունները վերացված են. Արտակ Զեյնալյան
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության կողմից քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերած խախտումներին՝ նշեց, որ իրավական գնահատական տալ չի կարող, քանի որ այդ գործը դառնալու է դատական վերահսկողության առարկա, և դատական իշխանությունն է տալու դրա օրինականության վերաբերյալ գնահատականը։
«Ամեն ինչ կարգին լինելու վերաբերյալ երբեք որևէ մեկը չի կարող որևէ բան հայտարարել։ Այն քրեական մշակույթը, որը կա մեր բանտերում, այնտեղ չի ծնվել և միայն անտեղից չի սնուցվում, աղբյուրը միայն այդտեղ չէ, և մենք այս ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում, օրենսդրական փոփոխություններ կլինեն»,- ասաց նախարարը։
Հարցին, թե բանտերում կա՞ն արտոնյալ կարգավիճակ ունեցող մարդիկ, Արտակ Զեյլնալյանը նշեց, որ իրենք որևէ մեկին արտոնյալ պայմաններ չեն տալիս, և այլևս չկա որևէ խուց, որը չի խուզարկվում։
««Զոն նայողների» արտոնությունները, ինչը որ եղել է նախկին իշխանությունների ժամանակ, վերացված է։ Չկա այնպիսի խուց, որը չի խուզարկվում, չկա այնպիսի անձ, որի վրայից արգելված իր չի բռնագանձվում։ Սա այդ արտոնությունների դարաշրջանի ավարտն է եղել, մեր իշխանության գալու պայմաններում սա դադարել է։ Դուռ բաց պահելու համար անօրինական վճարումներ, ներսում գումարի շարժ, սա մենք վերացրել ենք։ Ինչ վերաբերում է ներսում խաղալուն, ապա բազմիցս ասել եմ՝ կարող են խաղալ օրինական, թույլատրած սեղանի խաղեր, օրինակ՝ շաշկի։ Սեղանի խաղերով կարող են նաև «ղումար» խաղալ, և այդտեղ ոչ թե առձեռն գումարներ են պտտվում, այլ կարող են գրանցվել։ Սա վերացնելու համար մենք պետք է վերացնենք «օբշյակ» հասկացությունը, որպեսզի դրսում գումարների շարժ չլինի»,- նշեց Արտակ Զեյնալյանը։