Հավանության է արժանացել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թ. միջոցառումների ծրագրին: Հիմնավորման համաձայն՝ Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի «Գործարարությամբ զբաղվելը 2019» վարկանիշային զեկույցի տվյալներով՝ Հայաստանը 190 երկրների շարքում զբաղեցրել է 41-րդ տեղը:
Հայաստանը նախորդ տարվա համեմատ արձանագրել է 2,06 տոկոս աճ «Հեռավորությունը լավագույն արդյունքից» ցուցանիշով` գրանցելով 75,37 միավոր: Չնայած մի շարք ոլորտներում Հայաստանի արձանագրած լուրջ հաջողություններին` բիզնեսով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների բարելավումն իրականացվում է ոչ համաչափ և որոշ ոլորտներում առկա են խնդիրներ` առավելապես վարչարարական բնույթի:
Այդ խնդիրները լուծելու և գործարար միջավայրի զարգացման համաչափությունն ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը:
Ծրագրով ակնկալվում է ապահովել գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Առաջին հերթին ակնկալվում է թեթևացնել այլ երկրների համեմատությամբ կատարելագործման մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներում առկա վարչարարական և ֆինանսական բեռը` միաժամանակ ապահովելով վերջին տարիներին հաջողություններ գրանցած ոլորտների զարգացումը: Ծրագրով նախատեսվող միջոցառումների իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը, կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը, կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը: