Երեխաներին կասկածներ առաջացնող կոնֆետներ բաժանելու ոդիսականը
Այս տարվա սկզբին համացանցում լուրեր էին տարածվում, թե դպրոցների հարակից տարածքներում անհայտ անձինք թմրանյութ պարունակող կոնֆետներ են բաժանում։ Այս տեղեկությունը համարվեց կեղծ, կոչ արվեց չտարածել այն ու չանհանգստանալ։
Այս թեման, սակայն, այսքանով չավարտվեց և համացանցից ու վիրտուալ տարածքից այն տեղափոխվել է իրականություն։
Ինչպես Panorama.am-ին հայտնել են տեղացիները, վերջերս, ապրիլի 12-ին անծանոթ 2 անձինք, ովքեր եղել են ռուսական պետհամարանիշի ավտոմեքենայով ու խոսել են ռուսերեն, շոկոլադե սալիկներ են բաժանել Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի, մասնավորապես Սարուխան ու Հացառատ գյուղերի երեխաներին փողոցում՝ դպրոցների մոտակայքում։ Երեխաներից մի քանիսը կոնֆետները կերել են, մի քանիսն այն պահել են՝ ինչ-որ բան կասկածելով։
Ինչպես Panorama.am-ին ասաց Սարուխան գյուղի բժիշկը, կոնֆետն ուտելուց 3-4 ժամ անց վատացել է մի պատանու ինքնազգացողությունը։ Նրա մոտ եղել է սրտխառնոց, գլխացավ, գլխապտույտ, բարձր ջերմություն։ Բժշկուհին նշեց, որ տղային ուղեգրել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղ ստացել է բուժօգնություն ու նույն օրը դուրս գրվել։ Մյուս երեխաների ինքնազգացողությունը նորմալ է եղել, սակայն վախից, որպես կանխարգելիչ միջոց ստամոքսի լվացումներ են կատարվել։
Ըստ երեխաների պատմածի, կոնֆետը եղել է «Вдохновение» անունով շոկոլադե սալիկներ։
Սարուխան գյուղի դպրոցի տնօրենն էլ Panorama-ին հաստատեց, որ անծանոթ մարդիկ երեխաներին կոնֆետներ են բաժանել, իրենք էլ անվտանգությունից ելնելով, տեղեկացրել են իրավապահ մարմիններին, իրենց դպրոցի երեխաների հետ էլ ամեն ինչ նորմալ է։
Այս հարցով Panorama.am-ն ապրիլի 22-ին դիմեց ՀՀ ոստիկանություն՝ մանրամասներ իմանալու համար, սակայն որոշ ժամանակ անց, մեզ տեղեկացրին, որ այս բովանդակությամբ հաղորդում ոստիկանությունը ոչ բուժհաստատությունից, ոչ ուսումնական հաստատություններից չեն ստացել։
Նշենք, որ փետրվարին Panorama.am-ը կրկին անդրադարձել էր այս հարցին։ Այդ ժամանակ ևս ոստիկանությունը հայտնել էր, որ «որևէ ահազանգ չեն ստացել»։