Խախտելով գրված ու չգրված օրենքները
Վերջին մեկ տարվա ընթացքում անպակաս են արտառոց իրադարձությունները մեր կյանքում: Ընդ որում, երբեմն դրանք այն աստիճան անհամատեղելի են հայկական մտածելակերպին, որ սկսում ես մտածել՝ գուցե իրո՞ք նոր տեսակի Հայաստանում ենք հայտնվել:
2017-ին մեկն ու մեկի մտքով կանցնե՞ր կանգնել ոստիկանի դիմաց և անվախ հայտարարել՝ ՛՛հա՛, ես օգտագործում եմ մարիխուանա՛՛: Աբսո՛ւրդ: Իսկ ոստիկանը ոչ թե ձերբակալում է նրան և առգրավում ՛՛կանեփանման զանգվածը՛՛, այլ համբերատար բացատրում է, որ չի՛ կարելի երեխաների ներկայությամբ թմրամոլություն քարոզել:
Օրը ցերեկով պլանքյաշություն են քարոզում մի երկրի մայրաքաղաքի կենտրոնում, որտեղ թմրամոլությունը քրեականացված է: Ո՞ւր են նայում իշխանությունները: Կառավարիչներն անողոք պայքար են մղում ծխելու դեմ՝ իբր մտահոգված մարդկանց առողջությամբ, բայց միևնույն ժամանակ աչք են փակում շատ ավելի վնասակար երևույթի՝ մարդու ուղեղը հալեցնող թմրամոլության վրա:
Չգիտե՞ն, որ թմրանյութերն առաջացնում են հոգեբանական և ֆիզիկական կախվածություն, իսկ ժամանակի ընթացքում իբր անվնաս մարիխուանայից (ժողովրդական լեզվով՝ պլան, անաշա, հաշիշ) անցնելով ավելի ծանր թմրամիջոցների՝ աստիճանաբար անասուն են դառնում:
Կանխատեսելի հարցին՝ ՛՛ Հիմա թմրամոլը մարդ ա, թե՞ մարդ չի, ՛՛ (ինչպես որ ԱԺ ամբիոնին մոտեցած տրանսգենդերի առիթով հարցրեցին վերին իշխանությունները), ասենք, որ իրենց ապականությունն իրենց անձնական գործն է; մարդ են, եթե իրենց ախտերը չեն հանրայնացնում և չեն քարոզում հատկապես անչափահասների շրջանում: Բացառությամբ մի քանի երկրների, սա ամենից դատապարտելի հանցագործություններից է ողջ աշխարհում: Ապրիլի 21-ին Ազատության հրապարակում մարիխուանայի քարոզին իշխանությունների լուռ թողտվությունը՝ իբր մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքի չճշնելու պարտավորությամբ, կասկածներ են ներշնչում, որ ԼԳՏԲ համայնքի նմանությամբ՝ թմրամոլներին ևս հատուցելու պարտքեր ունեն թավշյահեղափոխականները: Բայց Հայաստանի սթափ քաղաքացիներն էլ իրենց պարտքն ունեն՝ թույլ չտալ հասարակության այլասերումը, ինչը դատելով իշխանությունների քայլերից՝ օրակարգում է:
Բացի ազգային արժեքների դեմ մեղանչումներից, այս տարվա ընթացքում բազմիցս ականատես եղանք նաև ՀՀ Սահմանադրության դեմ ոտնձգություներին՝ սկսած մեկ տարի առաջ այս օրերին պետական պահպանության ենթակա Ռադիոտուն դռները ջարդելով ներխուժելուց: Այս և նման բազմաթիվ իրավախախտումները վաղ թե ուշ իրենց գնահատականը կստանան այնպես, ինչպես 2019-ի ապրիլի 19-ին Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց 2018-ի հոկտեմբերի 2-ին ԱԺ ընդունած օրենքը, ըստ որի եթե Ազգային ժողովի նիստի անցկացման համար խոչընդոտ կա, նիստը պետք է ընդհատվի, ոչ թե համարվի չկայացած: Փաշինյանի կարծիքով այդ ՛՛հակահեղափոխական՛՛օրենքով խորհրդարանի Հանրապետական մեծամասնությունը տորպեդահարելու էր վարչապետի հրաժարականից հետո արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացը: Սա այն օրինագիծն է, որի ընդունումը թույլ չտալու համար էքսպրոմտով ՛՛դըմփ-դըմփ-հու՛՛-ի մաստեր-կլաս ցույց տվեցին քայլածները, բացվեցին Ազգային Ժողովի դռները, նախարարներ ազատվեցին աշխատանքից հենց փողոցում: Ի թիվս այս հակաօրինական արարքների, հոկտեմբերի 2-ին Փաշինյանը կոպտորեն խախտեց իշխանությունների տարանջատման սահմանադրական կարևորագույն սկզբունքը՝ գործադիրը ուժի ցուցադրմամբ և հրապարակավ պարտադրեց իր կամքը օրենսդիր մարմնին:
ՀՀ Սահմանդրություն. Գլուխ 1. Հոդված 4. Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը
Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:
Ահա սա է սահմանադրական կարգի տապալման ցայտուն օրինակը, ինչի համար մի օր անպայման պատասխան կտա Նիկոլ Փաշինյանը:
Բայց դե, գիտեր էլի մարդը, որ հաղթելու համար օդ ու ջրի պես անհրաժեշտ էր ընտրություններն օր առաջ անցկացնել՝ չխորշելով ոչ մի զանցանք-հանցանքից:
Գիտեր, որ եթե իր խոսքի տերը լիներ և քաղաքական կուսակցությունների հետ ձեռք բերած պայմանավորվածությունների համաձայն 2019-ի մայիսին անցկացվեին խորհրդարանական ընտրությունները՝ 30 տոկոս էլ չէր հավաքի:
Անծրագիր, առանց պրոֆեսիոնալ կադրերի, առանց հայրենիքի զգացողության, առանց ապագայի հստակ պատկերի, ներքին բարդույթներով ու ոխերով լցված անպատասխանատու անձի համար վերին աթոռին նստած ամեն մի օրը գտած երջանկություն է: Ինչ վերաբերում է իրեն այդ բաղձալի աթոռին նստեցրած ժողովրդին տված դրախտային կյանքի խոստումներին, ապա արդեն լիովին հստակ է վարչապետի անջրպետումը ՛՛աղքատությունն ուղեղներում՛՛ հասարակ մարդկանից: Իրեն և իր ընտանիքին վերապահելով իշխանական վայելքները, ժողովրդին է պատվիրակում պատասխանատվությունները գրեթե բոլոր հարցերում՝ սկսած սեփական ճարպկությամբ փող ու աշխատանք գտնելուց մինչև Ղարաբաղյան կարգավորման հայեցակարգ առաջարկելը (այն էլ գրավոր, որ հետո չասեն՝ դու արեցիր): Ուրիշ երկրում կատարվեր այս ամենը՝ կասեինք բռնապետ է, բայց մերը դեռևս ժողովրդի ընտրյալ է համարվում...
Պետք չէ, սակայն մոռանալ, որ իշխանազավթման այբուբենը մարդիկ արդեն լավ գիտեն, ԱԺ դարբասները բաց են, դժգոհողների թիվն էլ մեծանում է օր օրի: Դժգոհությունը խորացնում են հայի հոգեկերտվածքին ու մտածելակերպին խորթ երևույթների ներմուծման փորձերը: Բնակչության փոքր տոկոս կազմող մարգինալ խմբերի ազատությունների պահպանման անվան տակ՝ մեր երկրում այլասերումն ու թմրամոլությունն օրինականցնելը հանցագործություն է հայ ազգի նկատմամբ: Եվ անգամ վարչապետին աստվածացնող զոմբին, ում համար օրենքների և սահմանադրության խախտումները կոպեկի արժեք չունեն՝ միանգամից ուշքի կգա, երբ իր երեխան հայտնվի ԼԳՏԲ կամ թմրամոլության ճանկերում: