«E-cult». շուրջ 370 հազար աշակերտ կարող է անվճար այցելել թատրոններ և համերգասրահներ
ՀՀ կրթության և գիտության նախարարի Արայիկ Հարությունյանը գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց, որ նախորդ շաբաթ մեկնարկել է «E-cult» դպրոցական աբոնեմենտային նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում է շուրջ 370 հազար աշակերտների այցելություններ թատրոններ և համերգասրահներ:
Նախարարը նշեց, որ մինչ այդ արդեն մեկնարկել էր այցը՝ պատկերասրահներ և թանգարաններ։
«Սա էլեկտրոնային հարթակ է և կոչ եմ անում ծնողներին, ծնողական խորհուրդներին, ուսուցիչներին, առավելագույնս խրախուսել, որ աշակերտները գրանցվեն և այցելեն այդ մշակութային հաստատությունները»,- ասաց Արայիկ Հարությունյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա նշանակում է, որ այս տարի հանրակրթական դպրոցներում սովորող բոլոր աշակերտներին հնարավորություն են տալիս՝ պետական բյուջեի հաշվին տարին մեկ անգամ այցելել թատրոն, համերգասրահ և թանգարան։ Նա նաև կարևորեց, որ ուսուցիչները ևս ներառված են ծրագրում:
«Մենք մշակույթը և կրթությունը տեսնում ենք նույն տրամաբանության մեջ,և մշակույթին վերապահում ենք կրթական դերակատարում: Կրթությունը մշակութային երևույթ է, նաև սրանով են պայմանավորված կառուցվածքային փոփոխությունները, որ մենք իրականացնում ենք կրթության և գիտության, մշակույթի նախարարությունները միավորելով»,-ասաց վարչապետը: