Քոչարյանի կալանքի հարցը քննելուց հրաժարված դատավորներին առաջարկվել է պատասխանատվության ենթարկել
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի երեք դատավորների՝ Դավիթ Գրիգորյանի, Նելլի Բաղդասարյանի և Հարություն Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը Բարձրագույն դատական խորհուրդը ստացել է օրերս։
ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը Panorama.am-ին ասաց, խորհուրդի որոշումը դեռ չկա, որոշումը լինելուն պես կհրապարակվի պաշտոնական կայքում։
Pastinfo-ն հիշեցնում է, որ հիշյալ դատավորները ինքնաբացարկ են հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննության գործով։
Մասնավորապես, Դավիթ Գրիգորյանը ինքնաբացարկ էր հայտարարել՝ նշելով, որ ինքը հերթապահ չի եղել, սակայն գործն իրեն է մակագրվել։ Հարություն Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտարարել վատ ինքնազգացողության պատճառով. նրա մոտ եղել էր նախակաթվածային վիճակ։ Իսկ Նելլի Բաղդասարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել էին քննիչն ու դատախազը։
Բաղդասարյանը բավարարել էր միջնորդությունը՝ պատճառաբանությամբ, որ Ռոբերտ Քոչարյանին և «Մարտի 1»֊ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին մեղադրանքներ են առաջադրվել միևնույն գործի շրջանակներում, և քանի որ ինքը նախկինում Վահագն Հարությունյանի գործով ինքնաբացարկ է հայտնել, ապա պետք է ինքնաբացարկ հայտնի նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի մասով:
Հիշեցնենք, որ ՀՀ դատավորների կարգապահական հարցերի հանձնաժողովը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի վերջինս որոշում կայացնի նշված երեք դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ հանձնաժողովի դիմումը մերժելու վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան