Արմեն Սարգսյանը ցանկություն ունի նախագահի նստավայրում ցուցահանդես կազմակերպել
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է մայրաքաղաքում գտնվող Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում ենք, որ հանրապետության նախագահը և տիկին Սարգսյանը, որոնք քաջածանոթ են 20-րդ դարի այդ երկու մեծահամբավ արվեստագետների գործերին, տուն-թանգարանի տնօրեն Աննա Սարգսյանի ուղեկցությամբ շրջել են թանգարանի տարածքում, ծանոթացել ցուցադրություններին, շենքային պայմաններին և դրանց հետ կապված խնդիրներին:
Շրջայցից հետո Հանրապետության նախագահը ներկայացրել է թանգարանի հետ կապված իր ծրագիրը. «Ցանկություն ունեմ Հանրապետության նախագահի նստավայրում ցուցահանդես կազմակերպել, որտեղ կներկայացվեն չորս արվեստագետներ՝ Արա Սարգսյանը, Հակոբ Կոջոյանը, Ռաֆայել Իսրայելյանը և Արա Հարությունյանը: Գաղափարը հետևյալն է՝ կրկին հիշել մեր մեծ արվեստագետներին, որոնք հսկայական հետք են թողել, և որոնց ստեղծագործությունները մեծ արժեք են ներկայացնում»:
Նշելով, որ նման միջոցառումները նախ և առաջ պետք է ծառայեն հանրությանը, ինչպես նաև ոգևորեն երիտասարդ արվեստագետներին, որոնք նույնպես կարող են ցուցադրվել նախագահականի սրահներում՝ Արմեն Սարգսյանը հիշեցրել է, որ նախագահական նստավայրում նմանօրինակ մշակութային միջոցառումների սկիզբը դրվել է մեծանուն դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի մենահամերգով:
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է ավելի ուշադիր լինել սեփական պատմության ու արվեստի հանդեպ: «Եթե պատմությունը մոռանանք, և թվա, թե կյանքը միայն այսօր է ստեղծվել, այսօրվա նկարիչներն են աշխարհում ամենալավը, երբեք լավ նկարչություն կամ արվեստ չենք ունենա»,- նշել է նախագահ Սարգսյանը: Նրա համոզմամբ, Հանրապետության նախագահի նստավայրում նմանօրինակ ցուցադրությունների կազմակերպումը կարող է նպաստել թանգարաններ, ցուցահանդեսներ և ընդհանրապես մշակութային օջախներ մարդկանց հոսքի ավելացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան