Ստամբուլի ոստիկանությունը թույլ չի տվել Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում անցկացնել
Թուրքական ոստիկանությունը չի թույլատրել Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում Հայոց Ցեղասպանությանը նվիրված հիշատակման արարողություն անցկացնել նախօրեին: Նշվում է, որ միջոցառումը նախաձեռնել էր «Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիայի» Ստամբուլի մասնաճյուղի ռասիզմի ու խտրականության դեմ հանձնաժողովը: Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից։
Ոստիկանությունը պատճառաբանել է, որ Ստամբուլի իշխանությունները չեն արտոնել արարողության իրականացումը:
Միջոցառմանը մասնակցելու նպատակով Սուլթանահմեթ հրապարակում է գտնվել նաև մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը: Ավելի ուշ Փայլանը միջոցառմանը մասնակցելու նպատակով Ստամբուլ եկած Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների հետ միասին մամուլի ասուլիս անցկացնելու նպատակով հեռացել է հրապարակից: Ասուլիսը տեղի է ունենալու Մարդու իրավունքների ասոցիացիայի շենքում:
Թեմայի վերաբերյալ թուրքական «Evrensel» լրատվական կայքին տված մեկնաբանության մեջ Փայլանը հիշեցրել է, որ ամեն տարի այդ նույն հրապարակում մամուլի ասուլիս է անցկացվել 1915-ի ապրիլի 24-ին հայ մտավորականների ձերբակալությունների ու սպանությունների թեմայով:
«Այս տարի հիշատակի միջոցառումն արգելվեց: Ոստիկանությունը մեզ տեղեկացրեց, որ արգելվել է: Չկարողացանք իրացնել սահմանադրությամբ մեզ տրված մամուլի ասուլիս անցկացնելու իրավունքը»,- ասել է Փայլանը՝ հավելելով, որ Հայոց ցեղասպնության խնդրին լուծում չգտնող իշխանությունը նախընտրում է լռեցնել ու ճնշել հանրությանը:
«Բոլոր այն հանցագործությունները, որոնց հետ չեն առերեսվում, կրկնվում են և, ցավոք, այսօր էլ տեսնում ենք այդ հանցագործությունների կրկնության հետևանքները»,- ասել է հայ պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան