Փաշինյանը հանձնարարել է Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի հիմնանորոգման հարցով անցնել գործնական փուլի
Կառավարությունը որոշել է 2019 թ. շախմատի աշխարհի առաջնությանը Լևոն Արոնյանի նախապատրաստման և մասնակցության ապահովման նպատակով հատկացնել 133 200,0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը նշել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շախմատի համաշխարհային օլիմպիադիայի եռակի չեմպիոն, աշխարհի գավաթի կրկնակի հաղթող և պատմության բոլոր ժամանակահատվածի չորրորդ ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Լևոն Արոնյանը պատրաստվում է աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար ծավալվող պայքարին:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե այսօրինակ դեպքերում պետական բյուջեից հատկացումներ եղե՞լ են, թե՞ սա առաջին դեպքն է: Նախարարը նշել է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ կոնկրետ մարզիկի համար գումար է հատկացվում պետբյուջեից:
Վարչապետն ընդգծել է նման որոշումների ընդունման կարևորությունը և նշել. «Սովորաբար, եկենք արձանագրենք, որ այս կարգի հարցերը, ավանդաբար լուծվել են հետևյալ կերպ՝ կամ զանգ է հնչել, կամ միջնորդություն է եղել, կամ ունևոր անձանց միջնորդություն է եղել, որ եկեք ֆինանսավորեք: Ես կարծում եմ, որ դա վատ մեխանիզմ է, որովհետև ինքն իր հետ բերում է այլ հարաբերություններ, այլ պարտավորություններ և պարտավորություններից ազատումներ, արտոնություններ և այլն»:
Վարչապետի խոսքով՝ կառավարության դիրքորոշումն այս հարցում պետք է լինի հետևյալը. «Այն մարզական առաքելությունները, որոնք մենք կգնահատենք պետական նշանակություն ունեցող, պետությունը պետք է ֆինանսավորի: Այն մարդիկ, որոնք ավանադաբար ֆինանսավորել են այսպիսի գործողությունները, այդ մարդիկ թող վճարեն իրենց հարկերը, պետությունը, այդ թվում նաև իրենց անունից, կֆինանսավորի այս կարգի գործունեությունը: Ինչու եմ ես համարում, որ սա պետական առաքելություն է, նաև Լևոն Արոնյանին աջակցելը, որովհետև նախ նա աննախադեպ վաստակ ունի Հայաստանի Հանրապետության առաջ: Երկրորդը, մանավանդ այսօր՝ այս նոր իրավիճակում, կարծում եմ՝ մեր հիմնական խնդիրն է, որպեսզի ՀՀ քաղաքացիները հավատան իրենք իրենց ուժերին և իրենց հնարավորություններին, Լևոն Արոնյանը, Հենրիկ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը և այս կարգի մեր մարզիկները պետք է լինեն այն տիպարները, որոնց օրինակով մեր երիտասարդությունը պետք է դաստիարակվի և որոնց օրինակով մարդիկ պետք է հավատան իրենք իրենց ուժերին»։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Լևոն Արոնյանը, Հենրիկ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը հայաստանցի սովորական տղաներ են, որոնք իրենց աշխատանքի շնորհիվ հասել են համաշխարհային պատմական բարձունքների։ «Եւ մեր պետական քաղաքականությունը, ոչ թե ինչ-որ մեկը պետք է լավություն անի Լևոն Արոնյանին, այստեղ-այնտեղ էլ գլուխ գովա, և իր համար PR ակցիաներ դասավորի, այլ մենք պետք է մարդկանց վաստակը մեր պետության, մեր դրոշի առաջ ընդունենք, ճանաչենք և պետք է նրանց համար ստեղծենք բոլոր պայմանները ՝ արձանագրելով, որ դա ոչ թե անձամբ իրենց համար ենք անում, այլ անում ենք այն երիտասարդների համար, որոնք պետք է նրանց օրինակով ոգեշնչվեն, հավատան իրենց ուժերին և իրենց մեջ առաջանա մեծ մղում, եռանդ, էներգիա ոչ միայն կրկնել, այլև գերազանցել մեր ականավոր մարզիկներին»:
Կառավարության ղեկավարն այնուհետև անդրադարձել է Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցի վերանորոգման հարցին և նշել, այս հարցով պետք է անցնել գործնական փուլի. «Շատ արագ այդ նախագծային հաշվարկները իրականացնենք, նաև Արթուր Ալեքսանյանին, օլիմպիական չեմպիոնին և նրա թիմին ներգրավենք, արագ որոշումներ կայացնենք, գումարը հատկացնենք և արագ սկսենք շինարարությունը: Եվ արձանագրենք, որ այս ոլորտում մեր քաղաքականությունը լինելու է այդպիսին: Այն մարզիկները, որոնք ոգեշնչման օրինակ են բոլորիս համար, պետք է հստակ տեսնեն, որ ՀՀ-ն գնահատում է իրենց վաստակը պետության առաջ, արձագանքում է նաև հնարավորություններ ստեղծելով, որպեսզի այլ երիտասարդները նույնպես գնան նրանց ճանապարհով և նույնիսկ հնարավորության դեպքում գերազանցեն նրանց»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան