ԲՀԿ-ական պատգամավորները բոյկոտեցին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը։
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտնեց, որ կձևավորեն աշխատանքային խումբ, որի նախնական կազմում իրենց հանձնաժողովի անդամները կլինեն. «Եթե ցանկություն հայտնեն այլ հանձնաժողովներից մասնակցելու, ևս կարող են ընդգրկվել։ Խմբում կլինեն ներկայացուցիչներ նաև գործադիրից՝ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններից։ Խմբում կընդգրկեն նաև ցեմենտ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին, տրանսպորտի և շինարարության ոլորտում գործունեություն իրականացնողներին»։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենք կողմնակից են, որպեսզի բովանդակային քննարկում անցկացվի, բայց իրենց խմբակցությունն այդ աշխատանքներին չի մասնակցի։
«Գագիկ Ծառուկյանն այս հարցում շահագրգիռ անձ չէ և պետտուրքի մասին օրենքի քննարկման ժամանակ նրա պարզաբանումները բխել են կոլեկտիվի առաջ ունեցած պատասխանատվությունից։ Ինչ էլ որոշվի՝ դրա պատասխանատվությունը լինելու է քաղաքական մեծամասնության վրա։ Մենք չենք մասնակցելու քննարկումներին, ինչ էլ կորոշեք՝ մեզ համար ընդունելի կլինի այդ որոշումը»,- նշեց Մելքումյանը։
Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց, որ քաղաքական մեծամասնությունը կրում է քաղաքական պատասխանտվություն բոլոր հնարավոր հետևանքների համար, իսկ իրենք ըմբռնումով կմոտենան այդ քաղաքական պատասխանատվությանը»։
Այնուհետև ԲՀԿ-ի պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։
Հանձնաժողովի նիստում որոշվեց նաև, որ ապրիլի 30-ին ԱԺ լիագումար նիստերի դահլիճում խորհրդարանական լսումներ կկազմակեպվեն «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման վերաբերյալ։
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտնեց. «Ձևաչափն ու օրակարգը կքննարկենք։ Այս պահին նպատակ կա հստակ ֆիքսել այդ օրը, իրազեկել, որպեսզի շահագրգիռ կողմերը, տնտեսագետները նույնպես հնարավորություն ունենան դիմելու և, եթե ելույթ ունենալու ցանկություն ունեն, ժամանակ ունենան նախապատրաստվելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Ցեմենտի գնի թանկացման հնարավոր ռիսկերը և օրենսդրական բացերը
- ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ցեմենտի վերաբերյալ նախագիծը
- Ձեր ցավը տանեմ, եթե 200 հազար դոլարով է ձեռք բերվել ցեմենտի գործարանը, նվեր կտամ հայտարարողին. Ծառուկյան
- Կարևոր է, որ իրանական ցեմենտը շարունակվի ներմուծվել․ Հայկ Սարգսյան
- Ցեմենտի ներմուծման համար առաջարկվում է պետտուրք սահմանել՝ տեղական արտադրողներին պաշտպանելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան