Ժողովուրդ». Իրավապահների աշխատանքը դժվարացնում է տեխնիկական հնարավորությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության 2018թ. գործունեության վերաբերյալ հաշվետվության մեջ մեկ ուշագրավ արձանագրում կա: «Հանցագործությունների բացահայտման միջոցների շարքում աստիճանաբար արդյունավետության պակաս է արձանագրվում հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման դեպքում:
Ակնհայտ է, որ, նախ, հետաքննության մարմինների ունեցած տեխնիկական հնարավորությունները ժամանակի ընթացքում անփոփոխ են մնում հանցագործությունների թվի տարեկան կայուն աճի պայմաններում, բացի դրանից` առկա տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս վերահսկելու սովորական բջջային կապով իրականացվող հեռախոսազրույցները այն դեպքում, երբ բջջային հեռախոսների համապատասխան ծրագրային հավելվածները ավելի շատ են օգտագործվում, և դրանք վերահսկել, որպես կանոն, հնարավոր չէ»:
Այլ կերպ ասած, ՀՀ գլխավոր դատախազությունն արձանագրում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս իրավապահ համակարգը լուրջ խնդրի առաջ է կանգնում, եթե հանցագործության մեջ կասկածվողները կամ մեղադրյալներն իրար հետ շփվել են Whatsapp, Viber, Telegram և այլ հավելվածների միջոցով: Պատահական չէ, որ շատերը, հենց այս հանգամանքը նկատի ունենալով, գերադասում են կարևոր զրույցների ժամանակ հենց այդ բջջային հավելվածներն օգտագործել:
Ու հետաքրքիրն այն է, որ իրավապահների աշխատանքն ավելի դժվարացնում է այն հանգամանքը, որ տարիներ շարունակ չեն թարմացվում տեխնիկական հնարավորությունները: Ասել է թե` իրավապահ համակարգը պարզապես ետ է մնում ժամանակից: Մինչդեռ եթե նկատի ունենանք հանգամանքը, որ տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում շատ հանցագործություններ արվում են տեխնիկական սարքավորումների միջոցով, իրավապահ համակարգի վերազինումն իսկապես հույժ անհրաժեշտ է դառնում: Ի վերջո, հաճախ խոսքը ոչ միայն հասարակ հանցագործությունների, այլ նաև շատ ավելի լուրջ դեպքերի մասին է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում