Ինչպես եղավ, որ Մակրոնը Զելենսկու փոխարեն 15 րոպե զրուցեց ռուս պրանկերների հետ
Ռուս հայտնի պրանկերներ Վովան ու Լեկսուսը հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ Զելենսկու փոխարեն։ Հետաքրքրականն այն է, որ հեռախոսազանգը եղել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ, ով շտապել էր առաջինը շնորհավորել Վլադիմիր Զելենսկուն՝ ընտրության կապակցությամբ։
Ինչպես հայտնում է euronews-ը, 15 րոպե տևած հեռախոսազրույցի սկզբում Մակրոնը շնորհավորում է զրուցակցին ու մաղթում լավ նշել հաղթանակն ու ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։ Զելենսկին շնորհակալություն է հայտնում Մակրոնին ու «նախագահներն» անցնում են քաղաքական հարցերի քննարկման, օրինակ Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտության մասին։ Մակրոնն էլ աջակցություն է հայտնել այս գաղափարին։
«Զելենսկին» խոսում է Պորոշենկոյի կողմից Մինսկի պայմանավորվածությունների չկատարման ու ձգձգման մասին։ Մակրոնն էլ հույս է հայտնում, որ իր զրուցակիցն ամեն ինչ կանի Մինսկի պայմանավորվածությունների կատարման համար։
Զրույցի վերջում «Զելենսկին» ասում է, որ պատրաստվում է հաղթանակը շամպայնով նշել, բայց ոչ այնքան բուռն, ինչպես իր նախորդը ու շնորհավորում է կոլեգային՝ Սուրբ Զատկի առիթով։
Նշենք, որ ընտրության օրը հաղորդագրություն եղավ, որ Զելենսկուն անձամբ զանգահարել ու շնորհավորել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ուկրաինայի ապագա նախագահը ֆեյսբուքում շնորհակալություն է հայտնել Մակրոնին՝ նաև ֆրանսերեն։