Սաղմոսավանի գյուղապետ. Երեխաները փողոցում ասֆալտի վրա են պարապմունքներ անում ու մեծ բեմերի են հասնում
Գյուղերում մշակութային խնդիրները բազմաշերտ են, սակայն մի ընդհանրություն կա՝ ամենահաճախ բարձրացվող հարցերն առավելապես կապված են ենթակառուցվածքների բացակայության հետ։ «Մշակութային խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» թեմայով քննարկմանն ասաց մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը։
Նա նշեց, որ կա համայնք, որը վարչական շինություն չունի, իսկ նման պայմաններում մշակութային քաղաքականութան իրականացման հնարավորությունների մասին խոսելը բավական խնդրահարույց է։ Փոխնախարարն ասաց, որ առաջին հերթին պետք է ունենալ ուժեղ, հզոր համայնքներ, որոնք կարող են իրենց թույլ տալ ունենալ գրադարաններ, մանկապարտեզներ, մշակույթի տներ։
«Առաջին հերթին պետք է մտածել հզոր, ուժեղ համայնքներ ունենալու հնարավորություն մասին, սա իր հերթին կբերի մշակութային քաղաքականության իրականացման ռեալ հնարավորություններ»,- ասաց Վ. Բուդումյանը։
Քննարկմանը ներկա Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ասաց, որ 30 տարիների ընթացքում պետությունը կառուցելու սխալ քաղաքականություն է որդեգրված եղել։
«Պետությունը բուրգի նման պետք է ներքևից կառուցել, որպեսզի լինի ամուր։ Պետությունը կառուցում են սահմաններից։ Մոտեցումը եղել է գավառական՝ կառուցել Երևանը, ցույց տալու համար, որ ունենք ժամանակակից քաղաք, անտեսելով հիմնականում մնացած մարզերը»,- ասաց արվեստագետը։
Նա նշեց, որ իր համար մշակույթն ունի կիրառական նշանակություն, մշակույթը ձևավորում է ազգի որակը։
«Դա ոչ միայն մեզ մոտ է, այլ ողջ աշխարհում։ Եթե ուզում ենք ունենալ որակյալ ժողովուրդ, պետք է հստակ հասկանաք մի բան, որ Հայաստանի քաղաքացին, անկախ թե որտեղ է ապրում, ունի իր արևի կտորի իրավունքը»,- ասաց Ռ. Բաբայանը։
Նրա խոսքով, ոչ միայն մշակույթի նախարարությունը պետք է լուծի խնդիրները, նաև տեղական մարմիններն ունենան իրենց մասնակցությունը, որոնք անմիջապես պատասախանատու են այդ արևի կտորն իրենց բնակչությանը հասցնելու։ Ռ. Բաբայանը նշեց, որ ամբողջ աշխարհում կա ընդունված կարգ՝ միջազգային փառատոների 90 տոկոսը չեն անցկացվում մայրաքաղաքներում, ինչը հատուկ է արվում։
«Կյանքը ոչ միայն գյուղերում, նաև մարզկենտրոններում մահանում է, որ երբ որ չկա մշակույթ, մարդիկ երեկոյան զբաղմունք չունեն։ Մենք դժգոհում ենք, թե ինչ բարքեր են գործում մեր հասարակության մեջ, բայց մոռանում ենք, որ այդ բարքերը գալիս են մեր վարած քաղաքականությունից։ Խոսում ենք արժեքային համակարգի ընտրության մասին, որը, իրականում, մարզերում, գյուղերում ձևավորվում է միայն ու միայն սերիալների ազդեցության տակ։ Երբ սկսենք մշակույթին վերաբերյալ շատ կիրառական իմաստով, ինչքան կարևոր է հասարակության համար, մենք ճիշտ ձևը կգտնենք, բայց պետք է բուրգը կառուցել ներքից»,- ասաց Ռուբեն Բաբայանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարինե Թուխիկյանը նշեց, որ հարցը ֆինանսը չէ, այլ տեսալական, կամք ունենալն է, ըմբռնելը, որ մշակութային հարցն առաջնային է, այստեղից է սկսվում ամեն ինչ։
«Այստեղ և տեղական ինքնակառավարման մարմինները, և ամենատարբեր գերատեսչություններ միասին պետք է աշխատեն։ Մեր երկրի հիմնական ցավն այն է, որ մենք իրար հետ չենք կարողանում լեզու գտնել, նստել սեղանի շուրջ, խնդրի մասին քննարկումներ կազմակերպել ու լուծումներ գտնել։ Մենք բոլորս գիտենք մեր խնդիրների մաիսն, բայց ճանապարհը ցույց չենք տալիս, թե ինչպես լուծել պրոբլեմները։ Ֆունդամենտալ լուծումներ պետք է գտնել»,- նշեց պատգամավորը։
Ն. Թուխիկյանի խոսքով, չկա մշակութային քաղաքականություն, մշակութային դոկտրին։ Նա տեղեկացրեց, որ ԱԺ-ում արդեն մշակվում է դոկտրինը։
Սարիգյուղի մշակույթի տան գեղարվեստական մասի նախկին ղեկավար Ռոբերտ Ավետիսյանն ասաց, որ ունեցել են մշակույթի տուն, որն այսօր քանդված է։ Նա նշեց, որ գյուղում կան տաղանդավոր, շնորհալի երեխաներ, ստիպված գնում են այլ քաղաքներում գործող խմբակներ։
Սաղմոսավան գյուղի գյուղապետ Գևորգ Ավագյանն ասաց, որ իրենց մոտ գործում են երգի, պարի, թատրոնի խմբակներ, երեխաները փողոցում ասֆալտի վրա են պարապմունքներ անում ու ահագին մեծ բեմերի են հասնում, տարբեր տեղերից հրավերներ ունեն։
Մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլիա Նիկոյանի խոսքով, իրենք ունեն ծրագրեր, որոնցից մեկի համաձայն պետք է մարզկենտրոններում, համայնքներում առկա մշակույթի տները վերագործարկել։ Նա նշեց, որ այն իրականացվելու է մի քանի փուլով, փորձելու են արդի պահանջներին համապատասխան վերագործարկել մշակույթի տները։
Հարակից հրապարակումներ`
- Գյուղական փոքր դպրոցները կրթամշակութային կենտրոնների պետք է վերածել. նախարար
- Գործընկերություն՝ գյուղական վայրերում ենթակառուցվածքների զարգացման համար
- Գյուղական բնակչության թիվը նվազել է. «Փաստ»
- Գյուղական դպրոցները մեր երկրի ամրությունն են. ԿԳ նախարար
- ԿԳ նախարար. 400 գյուղական դպրոց 100-ից քիչ աշակերտ ունի
- ՄԱԿ-ը հրապարակել է զեկույց Հայաստանի գյուղական համայնքներում առկա գենդերային անհավասարության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան