Տնտեսական ակտիվության աճն ու արտաքին առևտրաշրջանառության անկումը
ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2019 թվականի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5%-ով։ Միաժամանակ, մարտ ամսվա ՏԱՑ-ը փետրվարի նկատմամբ աճել է 14.8%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ մարտի համեմատ՝ 6.5%-ով:
Ըստ վիճակագրության՝ առավելագույն աճը նշված ժամանակահատվածում գրանցվել է շինարության ոլորտում: Մասնավորապես, այս տարվա առաջին եռամսյակում շինարարության ոլորտում աճը կազմել է 10.8 տոկոս` կազմելով 47 մլրդ 728.2 մլն դրամ:
Վիճակագրության համաձայն, արդյունաբերական արտադրանքի ծավալն էլ այս տարվա հունվար-մարտին աճել է 2%-ով, նախորդ ամսվա համեմատ՝ 16.1%-ով, իսկ 2018թ-ի մարտի համեմատ՝ 2.2%-ով:
Այս տարվա առաջին եռամսյակում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 17.3 տոկոսով, իսկ առևտրաշրջանառության ծավալը՝ 10.1%-ով: Սպառողական գները ևս, ըստ վիճակագրության, նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ աճել են 1.5%-ով:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա այստեղ արտադրությունը նվազել է 0.2 տոկոսով, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 14%-ով:
Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանը, ապա հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5%-ով, ընդ որում` արտահանումը նվազել է 8.6%-ով (543 մլն դոլար), իսկ ներմուծումը՝ 3.1%-ով (1 մլրդ 85.8 մլն դոլար):
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-մարտին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 4.3 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 5.9%-ով: Պետական համակարգում միջին աշխատավարձն աճել է 4.4%-ով` կազմելով 146,5 հազ. դրամ, իսկ մասնավոր հատվածում միջին աշխատավարձն աճել է 3%-ով՝ հասնելով 189 հազար դրամի: