Ո՞ւր պիտի փախնեն, երկրագունդը փոքր է. Փաշինյան
«Նույնիսկ իմ ընտանիքի անդամները և բոլորը հավասար են օրենքի առաջ»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին , թե այսօր Հայաստանում հնարավո՞ր է որևէ պաշտոնյայի կամ քաղաքացու նկատմամբ «գործ կարվի»։ Խոսքը վերաբերում է Պետական վերահսկողության ծառայության պետ (լիազորությունները ժամանակավոր դադարեցված են) Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրգործին։
Վարչապետը նախ հարցով պատասխանեց. «Իսկ դուք ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է», այնուհետև շարունակեց. «Ես ուզում եմ շեշտել, որ որևէ մեկի անմեղության կանխավարկածը պետք չի խախտել: Ես ասել եմ, որ նույնիսկ իմ ընտանիքի անդամները և բոլորը հավասար են օրենքի առաջ: Այդտեղ ամեն ինչ պարզ է»:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե երբ ասում էր՝ «ախպերական» մտածելակերպը շատ ավելի խորն արմատներ ունի Հայաստանում, ինչ նկատի ուներ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես դրանով ուզում եմ ասել, որ իրավիճակին մեր վերաբերմունքը չպետք է լինի ըստ այնմ, թե մենք ում հետ ինչ հարաբերություն ունենք: Մեր վերաբերմունքը պետք է լինի ըստ այնմ, թե ինչ հարաբերություն ունի դա իրականության հետ, ճշմարտության հետ և օրինականության հետ»:
Հարցին, թե նորմալ է համարում, որ Նարեկ Սարգսյանը Պրահայում է, Միհրան Պողոսյանը ՌԴ-ում քաղաքական ապաստան է խնդրում, իսկ Արամ Հարությունյանն էլ կորել է իրավապահների տեսադաշտից, վարչապետը նշեց, որ վերջինս օգտվել է պատգամավորական անձեռնմխելիությունից և տեսադաշտից կորել է։
«Քանի դեռ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված չէր, որևէ մեկը նրա նկատմամբ որևէ լծակ չուներ։ Միհրան Պողոսյանն էլ պատգամավորական անձեռնմխելիությունից օգտվելով դուրս է եկել Հայաստանից: Ի՞նչ կա էդտեղ զարմանալի: Եթե նրանց պատգամավորական անձեռնմխելիության պայմաններում ձերբակալեին, հիմա դուք բոլորդ պիտի ասեիք՝ բա ո՞ւր մնաց օրենքը, օրինականությունը, օրենքի գերակայությունը: Բայց ո՞ւր պիտի փախնեն, երկրագունդը փոքր է»:
Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նա ՌԴ քաղաքացի է և պետք է հաշվի նստել այս իրողության հետ։
«Մենք այսօր իրավիճակ ունենք, երբ օտարերկրյա պետությունը մեր քաղաքացուն հանցագործության մեջ մեղադրում է, բայց Հայաստանը չի կարող արտահանձնել այդ քաղաքացուն, քանի որ դա մեր Սահմանադրությանը և ՀՀ օրենքներին հակասում է։ Չեմ ցանկանում շատ փակագծեր բացել, բայց գիտենք՝ բացահայտորեն հանցագործ մարդ կա Հայաստանում, որը օտարերկրյա պետության կողմից հետախուզվում է ու ակնկալվում է, որ մենք պետք է հանձնենք, բայց այդ մարդուն չենք կարող հանձնել, քանի որ նա ունի ՀՀ անձնագիր։ Ակնհայտ հանցագործ է, ինքն էլ է այդ մասին ասում, ոչ մեկի համար գաղտնիք չի, բայց մենք հիմա այդ հարցը չենք կարողանում լուծել»,- ասաց վարչապետը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին