«Ամբերդ ամրոց» արգելոցի մոտ շինարարություն է
Արդեն մի քանի օր է տարբեր քաղաքացիներ ահազանգում են, որ «Ամբերդ ամրոց» արգելոցի տարածքում իրականացվում են աշխատանքներ՝ ծանր տեխնիկայի գործադրմամբ։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանման ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն արձագանքել էր, որ նշված աշխատանքներն իրականացվում են արգելոց-թանգարանից մոտ 100-150 մետր հեռավորության վրա՝ սեփականատիրոջ տարածքում, առկա են նաև համապատասխան թույլատրող փաստաթղթեր։
Այսօր Ամբերդ է այցելել լրագրող Նարինե Կիրակոսյանը, որը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ, տեսանյութ է հրապարակել, թե ինչ է կատարվում Ամբերդի տարածքում։ Panorama.am-ը նրանից տեղեկացավ, որ այժմ այնտեղ է մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը, ով ասել է, որ աշխատանքները կասեցվում են, մինչև հնագետները կուսումնասիրեն տարածքը։
Ն. Կիրակոսյանը նաև հայտնեց, որ ահազանգողները դիմել են Ազգային ժողով, քանի որ կասկածելի է, թե ինչպես է փոխվել հողի կատեգորիան՝ արոտավայրից դարձել է սեփականություն։ Արգելոցային տարածքը 2013 թվականին փոքրացել է, պետք է պարզվի, թե ինչու է սեղմվել։
«Հետաքրքիրն այն է, որ բուֆերային գոտին չի պահպանվել։ Մշակութային արգելոցները, բացի պահպանվող գոտուց, ունենում են նաև մի քանի մետր բուֆերային գոտի»,- ասաց նա։
Ն. Կիրակոսյանի խոսքով, իրենք տեղում գտել են կավի, ոսկորի մնացորդները, հնագետն ասել է, որ միջնադարյանի շրջանի է, մինչդեռ սեփականատերը պնդել է, որ այդ տարածքում որևէ հնագիտական շերտ չկա։
Լուսանկարները՝ Ն. Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջից։
Ամբերդ ամրոց-բերդաքաղաքի հիմնադրման ստույգ ժամանակաշրջանը հայտնի չէ: Որոշ գիտնականներ այն վերագրում են կիկլոպյան, ոմանք էլ` ուրարատական և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններին: Պեղումների և պատմահնագիտական ուսումնասիրությունների հիման վրա Ամբերդ ամրոցը թվագրվում է X-XIII դդ.:
Ըստ պատմական աղբյուրների Ամբերդի շինարարությունը սկսվել է VII-րդ դ. Կամսարական իշխանների կողմից: X դ. պատկանել է Պահլավունի իշխաններին և եղել Բագրատունյաց թագավորության կարևոր ռազմապաշտպանական հենակետերից և իր բնական դիրքով ու պաշտպանական կառուցվածքներով անառիկ ամրոցի համբավ է ունեցել: Նրան էր վերապահված Անի քաղաքի պաշտպանողական օղակի պատասխանատու դերերից մեկը:
X-XIII դդ. ամրոց բերդաքաղաքը ընդգրկում էր մի շարք պատմաճարտարապետական հուշարձաններ` ամրոցապարիսպներ, Արքաշեն ձորի և Ամբերդաձորի դարպասները, դղյակ, ջրամբարներ, բաղնիք, գաղտնուղիներ, մատուռ, բնակելի շինություններ և Կաթողիկե եկեղեցին: Ներկայումս բերդաքաղաքից պահպանվել են դղյակի (X-XIII դդ.), պարսպապատերի ավերակները, բաղնիքի (X-XI դդ.), այլևայլ շինությունների մնացորդներ և Կաթողիկե եկեղեցին (Վահրամաշեն) (1026 թ.):