ԱԳ նախարար. Սա ոչ թե ուղղակի մերժում է, այլ նույնիսկ ցեղասպանության արդարացում
«Դժբախտաբար այն իրավիճակը, որ մենք հիմա ունենք, ինձ որևէ հույս չի ներշնչում, որ մենք որևէ ճանապարհ ունենք ինչ-որ ուղղությամբ շարժվելու: Գիտեք, որ Հայաստանի կողմից բավական մեծ ներդրում էր արվել 2009թ. Ցյուրիխի արձանագրությունների համար, և Թուրքիան ուղղակի մերժեց այդ ամենը: Անմիջապես այն քաղաքական գործիչը, որ դերակատարն էր մերժման այդ գործընթացի, այսօր ղեկավարն է այդ երկրի, և այն պատգամները, որ մենք տարիներ շարունակ լսում ենք Թուրքիայից, հուսադրիչ չեն: Նույնիսկ կասեի՝ մեկնաբանություններ և հայտարարություններ, որ նույնիսկ դատապարտելի են»,-այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ «Առաջին լրատվականին»՝ պատասխանելով Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների հարցին։
ԱԳ նախարարի խոսքերով, Ցյուրիխի արձանագրություններ կնքման գործընթացը բավական աշխատատար էր, համապարփակ քննարկված և բանակցված փաստաթղթեր էին, որոնք արժանացել էին մեր համահայկական քննարկումներին:
«Բնական է, շատ զգայուն և ծանր հարց էր, և ես կարծում եմ, որ կար գործընթաց, կար արդյունք: Ե՛վ Հայաստանի կողմից, և՛ Հայաստանի ժողովրդի կողմից, և՛ համայն հայության կողմից բոլոր այդ հակասական իրադրության մեջ եղավ արդյունք: Բայց դրան գնահատական տալը անհնար է, որովհետև մենք կորցրեցինք հնարավորություն: Մենք բոլորս միասին կորցրեցինք հնարավորություն, և պատճառը Թուրքիան է: Սա ավելի շատ հիմք է մեզ համար գնահատելու՝ ուր ենք այսօր և ինչ կարող ենք անել: Եվ այս պահի դրությամբ լավատեսության որևէ հիմք չունեմ՝ տեսնելու, թե ինչպես մենք կարող ենք կառուցել որևէ բան»,-ասել է ԱԳ նախարարը։
Թուրքիայի նախագահի կողմից ապրիլի 24-ին արված հայտարարության հետ կապված ԱԳ նախարարը նշել է, որ այն նորից ցույց է տալիս իր սեփական պատմության հետ առերեսվելու սահմանափակումը:
«Եվ այն, ինչն արտահայտվել էր երեկ, ուղակի դատապարտելի է: Դա վիրավորական է, դա անընդունելի է. սա ոչ թե ուղղակի մերժում է, այլ նույնիսկ արդարացում ցեղասպանությունը: Եվ ամենազավեշտալին այն է, որ արդարացնելով ցեղասպանությունը՝ նա փաստացի ընդունում է, որ դա եղել է կազմակերպված գործառույթ իշխանությունների կողմից: Հայերին, մեր նահատակներին, ցեղասպանության զոհերին անվանելով անընդունելի ձևով և արդարացնելով այն, ինչ որ արվել է այն ժամանակվա Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից. այս ամենն արդեն ուղղակի որևէ կերպ չի տեղավորվում որևէ շրջանակի մեջ»,-ասել է ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Էրդողանը Օսմանյան կայսրության բնակչությանն անվանել էր «հայ հրոսակներ ու նրանց աջակիցներ» ու նրանց տեղահանումները համարել այդ ժամանակ «ամենատրամաբանական վարքագիծ»։ Այս հայտարարությունը ՀՀ վարչապետ Փաշինյանն անվանեց ծայրահեղ ատելության խոսք անձամբ Էրդողանի կողմից ու կոչ արեց միջազգային հանրությանը չլռել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան