Ամերիկյան սպառազինություն գնելու վերաբերյալ առաջարկ Հայաստանը դեռևս չի ստացել. Տոնոյան
Ամերիկյան սպառազինություն գնելու վերաբերյալ որևէ առաջարկ Հայաստանը դեռևս չի ստացել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Հայաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստանին ամերիկյան սպառազինություն ձեռք բերելու առաջարկին։
«Ես դեռևս որևէ առաջարկ չեմ ստացել։ Կոնկրետ առաջարկ չկա»,- ընդգծեց նախարարը։
Դավիթ Տոնոյանի խոսքով՝ շուկան ուսումնասիրում են որակի, տեսակի ու գնի տեսանկյունից։
«Եթե տեսնենք, որ առաջարկություններն այնպիսին են, որ կարող է ձեռքբերումներ լինեն, ինչու՞ ոչ, եթե դա թույլատրելի լինի Միացյալ Նահանգների համար»,- ասաց պաշտպանության նախարարը։
Ինչ վերաբերում է Մոսկվա կատարած այցի շրջանակներում Սու-30ՍՄ կործանիչների ձեռքբերմանը, Դավիթ Տոնոյանը մանրամասներ չհրապարակեց, միայն նշեց, որ մինչև այս տարվա վերջ ու հաջորդ տարվա ընթացքում բոլոր մատակարարումների վերաբերյալ պայմանավորվածությունների են ձեռք բերվել։