Ձեռներեցության մեջ կանայք կարող են ավելի արդյունավետ, հաշվենկատ, հավասարակշռված լինել. վարչապետ
Հայաստանի Հանրապետությունում բնակչության մեծամասնությունը կանայք են, տնտեսապես ակտիվ բնակչության շուրջ կեսը ևս կանայք են։ Այս մասին այսօր Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ դժվար է պատկերացնել, որ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը հաջողության կհասնի, եթե ի վիճակի չլինեն խթանել կանանց ձեռներեցությունը:
«Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում կանանց դերը և ակտիվությունը նկատելիորեն բարձրացել է։ Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա հեղափոխությունն իրականություն չէր դառնա առանց կանանց լայնամասշտաբ մասնակցության։ Կանանց դերը տեղի ունեցած հեղափոխության մեջ իսկապես շրջադարձային էր։ Համոզված եմ, որ նաև տնտեսական հեղափոխության գործում կանանց դերը նույնչափ է լինելու»,- նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում շատ ոլորտներ կանացի խնամքի անհրաժեշտություն ունեն, ընդհանրապես, ըստ նրա, երկիրը կանացի խնամքի կարիք ունի, և սա նշանակում է, որ նրանց ակտիվությունն ու ներգրավածությունը պետք է խթանել բոլոր ոլորտներում։
Վարչապետը միաժամանակ նշեց, որ կանանց ակտիվությունը քաղաքականության, տնտնտեսության մեջ, հանրային կյանքում, պետական կառավարման համակարգում որևէ կերպ չի հակասում ավանդական ընտանիքի մասին մեր պատկերացումներին։
«Այսօր ուզում եմ կոչ անել բոլոր կանանց, որ նրանք անեն իրենց քայլը տնտեսական հեղափոխության գործում։ Ես համոզված եմ, որ ձեռներցության մեջ կանայք կարող են ավելի արդյունավետ, հաշվենկատ, հավասարակշռված, հիմնավորված քայլերով առաջ գնալ։ Համոզված եմ, որ հայ կնոջ պատասխանատվության զգացումը մի փոքր ավելին է, քան մենք սովորաբար տեսնում ենք տղամարդկանց շրջանում»,- ընդգծեց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ վիճակագրորեն կանայք ավելի քիչ են հակված կոռուպցիային և կոռուցպիայի մեջ ներքաշվելուն, քան դա կարող է լինել տղամարդկանց շրջանում. «Դա իմ համոզմունքն է: Ես համոզված եմ, որ առաջիկայում կանանց ներգրավվածությունը քաղաքականությունում, տնտեսությունում ավելանալու է»։
Անդրադառնալով ձեռներեցությանն ու ձեռնարկատիրությանը՝ վարչապետը նշեց, որ այն հնարավորությունները, որոնք այսօր ստեղծում են աղքատության հաղթահարման համար, ստեղծում են գործարարության, փոքր և միջին բիզնեսի զարգացման, միկրոբիզնեսի զարգացման համար: Նա հույս հայտնեց, որ կանայք նախաձեռնությունը կվերցնեն և այստեղ էլ տնտեսական հեղափոխության գործում կունենան շրջադարձային նշանակություն:
«Ցանկանում եմ ևս մի այսպիսի նրբություն շեշտել: Շատ կարևոր է, որ տնտեսական յուրաքանչյուր գործունեության հիմքում, յուրաքանչյուր քայլի հիմքում դրվի կոնկրետ գաղափար: Սա շատ կարևոր է, որովհետև այդ թվում` բիզնեսը, տնտեսական գործունեությունը, իմ պատկերացմամբ, առաջին հերթին մտավոր գործունեություն է, չի կարելի ընդհանրապես որևէ բան անել առանց մտածելու: Սա, կարծում եմ, հատկապես Հայաստանում, հատկապես այսօրվա Հայաստանում, հատկապես 21-րդ դարի աշխարհում կարևոր արձանագրում է։ Այո՛, մեզնից յուրաքանչյուրը պետք է շատ հստակ արձանագրի, որ ինքը կրում է իր որոշումների և քայլերի պատասխանատվությունը, և ինքը պետք է կարողանա քաղել նաև իր աշխատանքի պտուղները»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Այսպիսով, ըստ նրա, ցանկացած տնտեսական գործունեության հիմքում պետք է դրվի մի առանձնահատուկ գաղափար, պետք է դրվի մի այնպիսի հեղինակային գաղափար, որն այդ նախաձեռնությունը դուրս կբերի սովորական շարքից, սովորական տրամաբանությունից:
Նրա խոսքով՝ սա հաջողության ամենամեծ գրավականն է՝ լինի դա քաղաքականության մեջ, տնտեսության մեջ, ստեղծագործության մեջ, ամեն ինչի մեջ, ամեն ինչի մեջ պետք է փորձել դնել մի գաղափար, որը տվյալ ձեռնարկատիրոջը, տվյալ ձեռնարկությունը, տվյալ ընկերությունը կտարբերի և կտարբերակի մյուսներից, ավելի նկատելի կդարձնի ուրիշների համար:
«Ես համոզված եմ, որ այսպիսի գաղափարները Հայաստանում գնալով ավելի շատանալու են: Այսօր էլ մենք տեսնում ենք այսպիսի գաղափարներ: Օրինակ՝ թվում է, թե ամեն ինչ մտածված է, բայց Հայաստանում կարող են լինել մարդիկ, ովքեր մտածեն` ստեղծել թեյ և ունենալ հաջողություն: Թվում է, թե թեյը վաղուց արդեն ստեղծված է, մի քանի հազարամյակ գոյություն ունի։ Վերջերս տեղի ունեցած մի ընկերական քննարկման ժամանակ ասացի, որ, օրինակ, այն արտահայտությունը՝ պետք չէ հեծանիվ հորինել, համարում եմ շատ վնասակար, որովհետև, ինչպես թեյի օրինակով ասացի, թվում է, թե թեյը վաղուց ստեղծված, ավարտված է, բայց մարդիկ կան, որ այսօր թեյ են ստեղծում, և այդ թեյը նոր ստեղծված թեյ է: Եթե հեռախոսի հեղինակը առաջնորդվեր «պետք է չէ հեռախոս ստեղծել» տրամաբանությամբ, այս հեռախոսը չէր ստեղծվի: Հայաստանի բոլոր կանանց կոչ եմ անում չվախենալ հեծանիվ ստեղծելու և հեծանիվ հորինելու համարձակությունից: Ունեցեք այդ համարձակությունը, արեք այդ քայլը, և դուք անպայման կհաղթեք»: