Մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքն առաջին «գրոհը» կատարեց
Հուլիսի 14-ից 27-ը Երևանում կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ մրցաշարի բրենդային դիզայնով ձևավորված ֆուտբոլային գնացքն այսօր կատարեց առաջին ուղերթը։
Երեք ամիս շարունակ՝ մինչ տարվա կարևորագույն իրադարձության մեկնարկը և ամբողջ մրցաշարի ընթացքում, այն կիրականացնի ուղերթներ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում:
Այս կապակցությամբ մետրոպոլիտենում էին հավաքվել Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստներ, այլ մարզաձևերում աշխարհի և օլիմպիական չեմպիոններ, ինչպես նաև մշակույթի բնագավառի ներկայացուցիչներ։
Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթի մեկնարկն ազդարարող միջոցառմանն այսօր ներկա Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մեր ֆուտբոլիստները պետք է հասկանան, որ իրենց հետևում են, իրենց կողքին են։ Մեր տղաներին պետք է ամեն կերպ ոգևորենք, որ հասկանան, թե իրենց վրա ինչ պատասխանատվություն է դրված, որ իրենք առաջնությունում մի ամբողջ ազգ են ներկայացնում»։
Ինչ վերաբերում է առաջնությանը նախապատրաստական աշխատանքներին՝ մարզիչը նշեց, որ ամեն ինչ լավ է ընթանում. «Հիմա մենք ուզում ենք շատ ուժեղ հավաքականների հետ ընկերական խաղեր անցկացնել։ Պետք է լավ ներկայացնենք Հայաստանն ու իհարկե հաղթանակներով ներկայացնենք»։
Աշխարհահռչակ հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն էլ Եվրոպայի Մ-19 առաջնության Հայաստանում անցկացնելը մեծ իրադարձություն է համարում։ Նրա խոսքով՝ այն կարող է ոգեշնչել հայ երիտասարդներին՝ զբաղվել ֆուտբոլով։
Հախնազարյանը հայ ֆուտբոլիստներին հաջողություն մաղթեց և հավելեց. «Շատ եմ վստահում մեր երիտասարդ սերնդին թե սպորտում, թե մշակույթում և համոզված եմ, որ մենք շատ պայծառ ապագա ունենք։ Երկրպագուներին էլ մաղթում եմ վայելել այդ հրաշալի օրերը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա