Քյարամ Սլոյանի հարազատ գյուղում բացվել է հուշարձան
Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հայրենի գյուղում՝ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում, Գ. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ` «Պատիվ ունեմ» խորագրով, որի ընթացքում հնչել են Քյարամի մասին կենսագրական տեղեկություններ, հուշեր, մեծարանքի խոսքեր, ինչպես նաև պատերազմի բոլոր նվիրյալների ու նրանց մայրերի մասին երախտիքի խոսքեր և հայրենասիրական երգեր: Այնուհետև բացվել է Քյարամ Սլոյանին, Արմենակ Ուրֆանյանին, Ռոբերտ Աբաջյանին և Անդրանիկ Զոհրաբյանին նվիրված հուշարձան։ Այս մասին տեղեկանում ենք դպրոցի ֆեյսբուքյան էջից։
Հուշարձանի բացմանը ներկա են եղել Քյարամ Սլոյանի հարազատները, նրա հետ նույն դիրքում զոհված զինծառայողների ծնողները, արցախյան պատերազմի մասնակիցներ։
Այսօր Քյարամ Սլոյանը կդառնար 23 տարեկան։ Ժամկետային զինծառայող գացրորդ Քյարամը քառօրյա պատերազմի առաջին զոհերից էր: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակմանը առաջին դիմադրողներից էին հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկի տղաները: Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը: Երբ կապիտանը հասկացել է, որ այլևս դիմադրելն անհնար է քանակով ու ռազմական տեխնիկայով զինված թշնամուն, կրակը վերցնելով իր վրա՝ զինվորներին հետ նահանջելու հրաման է տվել, սակայն զինվորները՝ Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը չեն նահանջել, պայքարել են մինչև վերջ և զոհվել իրենց հրամանատարի հետ: Ադրբեջանցի բարբարոսները գլխատել էին 20-ամյա Քյարամ Սլոյանին:
2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։
Լուսանկարն ու տեսանյութը՝ Արտաշավանի միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն
- Մահացել է ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հայրը
- Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Քյարամ Սլոյանի դպրոցում նախնական զինվորական պատրաստականության կաբինետը կոչվել է նրա անունով
- Քյարամ Սլոյանի իրերը հայրը զորամասից տուն է բերել
- Քյարամ Սլոյանի հայրը երկու օրից Արցախ է մեկնելու