Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն
Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 23 տարեկան։
Ժամկետային զինծառայող գացրորդ Քյարամը քառօրյա պատերազմի առաջին զոհերից էր: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակմանը առաջին դիմադրողներից էին հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկի տղաները: Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը: Երբ կապիտանը հասկացել է, որ այլևս դիմադրելն անհնար է քանակով ու ռազմական տեխնիկայով զինված թշնամուն, կրակը վերցնելով իր վրա՝ զինվորներին հետ նահանջելու հրաման է տվել, սակայն զինվորները՝ Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը չեն նահանջել, պայքարել են մինչև վերջ և զոհվել իրենց հրամանատարի հետ: Ադրբեջանցի բարբարոսները գլխատել էին 20-ամյա Քյարամ Սլոյանին:
2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։
«Ուրախ եմ, որ երեխաս հերոս ճանաչվեց: 18 տարի պահել եմ, մտքովս չէր անցում, որ նման բան պիտի լինի: Ինքը խիստ էր: Ծառայելուց մեկ տարի հետո իմացա, որ լավ է ծառայում, շատ էին գովում: Գովասանագիր էին ուղարկում, լավ ծառայելու համար երեք անգամ արձակուրդ տվեցին: ... Մնացել էր երկու ամիս, որ գար»,-որդու պարգևը ստանալուց հետո ասել էր Քյարամի հայրը՝ Քյալաշ Սլոյանը:
Որդու զոհվելուց հետո Քյալաշ Սլոյանն այցելել էր որդու զորամաս, նաև այն վայրը, որտեղ զոհվել էր, տուն բերել նրա իրերը:
Քյարամի հայրը մասնակցել էր Արցախյան պատերազմին և որդին այդ հայրենասիրությունը հենց հորից էր ժառանգել: Քյարամի հայրը որդու մահից հետո ընդամենը մեկը տարի է ապրել, մահացել է 2017 թ. մայիսին 52 տարեկանում։
Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում: Երազում էր բանակից վերադառանալուց հետո հայրական տունը վերանորոգեր, ծնողներին ու եղբայրներին թև ու թիկունք լիներ: Այսօր Քյարամի երազանքն իրականություն է դարձել, տարբեր կազմակերպությունների, անհատների աջակցության շնորհիվ տունը վերանորոգվել է, իսկ տան մի հատվածում էլ Քյարամի անկյունն է, որտեղ նրա անձնական իրերն են, շքանշանները, տպագրված նյութեր ու այն ամենը, ինչը կապված է Քյարամ Սլոյանի հերոսական ճանապարհի հետ:
«Ապրիլյանի ժամանակ զոհվել է իմ վաշտի հրամանատարը՝ կապիտան Արմենակ Ուրֆանյանը, իմ զինվորները՝ Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը, Ռոբերտ Աբաջյանը: Չեմ կարող նկարագրել, թե ինչեր եմ տեսնել այնտեղ, բայց իրենց ծնողներին ես կասեմ՝ շնորհակալություն, որ այդպիսի տղաներ եք դաստիարկել: Մենք էլ շարունակում ենք իրենց գործը մինչև հիմա»,- ասել է ապրիլյան պատերազմի մասնակից, թիվ N զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Սամվել Առաքելյանը, ով Բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ, Հայրենիքի պաշտպանության գործում մատուցած ծառայությունների համար պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով։
Հարակից հրապարակումներ`
- Մահացել է ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հայրը
- Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Ուրֆանյանի, Սլոյանի, Զոհրաբյանի, Աբաջյանի ծնողներին կասեմ՝ շնորհակալություն. ավագ լեյտենանտ Առաքելյան
- Քյարամ Սլոյանի դպրոցում նախնական զինվորական պատրաստականության կաբինետը կոչվել է նրա անունով
- Քյարամ Սլոյանի իրերը հայրը զորամասից տուն է բերել
- Քյարամ Սլոյանի հայրը երկու օրից Արցախ է մեկնելու
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին