Երևանում առաջին դասարանցիների ընդունելության առցանց գրանցումը կարելի է սկսել մայիսի 15-ից
2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով:
Ապրիլի 18-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի ստորագրած հրամանի համաձայն՝ https://hayt.emis.am/ առցանց համակարգը կգործարկվի 2019 թվականի մայիսի 15-ին` ժամը 09:00-ին: Հենց այդ պահից էլ սկսած ծնողները կարող են կատարել գրանցումը։
Առցանց հայտագրման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը`
Մուտք գործել հայտագրման համակարգ՝ https://hayt.emis.am/:
Ընտրել համայնքը:
Ընտրել դպրոցը:
Ստուգել, եթե կան ազատ տեղեր, սեղմել «ավելացնել հայտ» կոճակը։ Ուշադրություն. եթե կոճակն ակտիվ չէ, նշանակում է՝ տվյալ դպրոցում ազատ տեղեր չկան, հետևաբար պետք է ընտրել մեկ այլ դպրոց:
Մուտքագրել ծնողներից մեկի հանրային ծառայությունների, այսինքն` սոցիալական քարտի համարանիշը, ծնողի անունը, ազգանունը, գործող էլեկտրոնային փոստի հասցեն ու սեղմել «շարունակել» կոճակը:
Համակարգում կհայտնվի երեխայի սոցիալական քարտի համարանիշը մուտքագրելու համար անհրաժեշտ դաշտը։ Մուտքագրումից հետո համակարգը բնակչության պետական ռեգիստրից ավտոմատ կներբեռնի երեխայի անձնական մյուս տվյալները` անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ և այլն։
Տվյալները ստուգելուց հետո սեղմել «շարունակել» կոճակը:
Էկրանի վրա կհայտնվի հայտի հաստատումը հավաստող էջն ու Ձեր էլփոստին կուղարկվի ծածկագիր։
Ծածկագիրը տեղադրել վերևի պատուհանում, մուտք գործել Ձեզ համար ստեղծված էջ և տեսնել տեղեկատվություն` դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի և դրանք դպրոց ներկայացնելու ժամկետի մասին։
Ուշադրություն.սահմանված վերջնաժամկետում փաստաթղթերը դպրոց չներկայացնելու դեպքում հայտը կչեղարկվի։
Համակարգը հնարավարություն է տալիս սեփական ցանկությամբ Ձեր էջի միջոցով չեղարկել հայտագրումը և ընտրել նոր դպրոց։
Hayt.emis.am համակարգ կարելի է մուտք գործել ցանկացած վայրից:
Ապրիլի 19-ից կգործարկվի stugum.emis.am կայքը, որի միջոցով ծնողները կարող են ստուգել անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը: Ստուգման համար պետք է մուտքագրել հանրային ծառայությունների համարանիշը և ստուգել, թե արդյոք Ձեր և Ձեր երեխայի տվյալները գրանցված են:
Հարցերի դեպքում զանգահարել՝ 010-52-73-43, 010-57-84-55, 010-52-47-77 հեռախոսահամարներով:
Տվյալների ճշտությունը ստուգելու համար այցելեք https://stugum.emis.am։
Հիշեցնենք, որ նախնական ծրագիրը լինելու է միայն Երևանում, այնուհետև կներդրվի նաև մարզերում