Արարատ Միրզոյանը հայտարարություն կանի ՔՈ-ի՝ Ծառուկյանին վերաբերող դիմումի առիթով
«Քննարկվեց «Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությունը։ Խմբակցությունը որևէ դիրքորոշում չի ձևավորել, հնչել են տարբեր կարծիքներ»,- «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողներին ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Նա հայտնեց, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ներկա էր քննարկմանը։
«ՔՈ-ն հայտարարությամբ դիմել է Ազգային ժողովի նախագահին, Արարատ Միրզոյանը լրացուցիչ հայտարարությամբ հանդես կգա»,- նշեց Մակունցը։
Նրա խոսքով, ՔՈ-ի հայտարարությունը կարող են դիտարկել 2 տիրույթում՝ իրավական և քաղաքական. «Իրավական առումով մեզ համար ևս կարևոր է, թե ինչ գնահատական է հնչելու, կսպասենք իրավապահ մարմինների գնահատականին։ Քաղաքական առումով, ինչպես մենք նախկինում ենք հայտարարել, այնպես էլ հիմա ենք ասում, որ, բնականաբար, չի կարող լինել այնպես, որ իշխանությունը և բիզնեսը սերտաճեն։ Սա մենք նկատի ունենք, երբ հայտարարում ենք, որ Հայաստանում գոյություն չունի օլիգարխիա»։
Լ. Մակունցը կարծում է, որ իրավական առումով որոշակի «լողացող» ինչ-որ տիրույթի հետ գործ ունեն, որը հստակեցման կարիք ունի։
«Գտնում է, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովն այս առումով պետք է հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ։ Սա իմ կարծիքն է, դեռ հանդես չեմ եկել առաջարկով, բայց անպայման կանեմ»,- ասաց խմբակցության ղեկավարը։
Լրագրողի հարցին՝ ի՞նչ եք կարծում, ամեն ինչ չսկսվեց նրանից, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում օլիգարխներ չկան, կան խոշոր սեփականատերեր, այդպիսով լեգիտիմացրեց Գագիկ Ծառուկյանի ներկայությունը ԱԺ-ում, Լիլիթ Մակունցն ասաց. «Եթե որևէ փուլում իրավական գնահատական կհնչի, որ տեղի է ունենում պաշտոնական դիրքի չարաշահում, և մարդիկ, որոնք իրավունք չունեն զբաղվել բիզնեսով օրենսդիր գործունեությամբ զբաղվելով հանդերձ, պետք է համապատասխան գործողություններ ձեռնարկվեն»:
Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված կարգով ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասը՝ պատգամավորի լիազորությունների դադարեցումը ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում։ Ս. Սահակյանը դիմել է նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ «Իրականացնել համապատասխան գործողություններ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի կատարման համար, այն է՝ Սահմանադրության 95-րդ հոդվածի պայմանները խախտելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելը»։
«Մանրամասնելով, նշենք, որ խոսքը վերաբերվում է ապօրինի ձեռնարակատիրական գործունեությամբ զբաղվելու կասկածին, ինչի հաստատման դեպքում նշված պատգամավորի լիազորությունները պետք է դադարեցվեն։ Հայաստանի Հանրապետությունում բիզնեսը պետական կառավարման համակարգից պետք է տարանջատված լինի և վերջ», -նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։
Լրագրողները Լիլիթ Մակունցից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք նիստին քննարկվել է նաև ԲՀԿ–ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ կապված միջադեպը։ ԱԺ «Իմ քայլ» խմբակցության ղեկավարն ասաց, որ հպանցիկ անդրադարձ է եղել այդ միջադեպին։
«Հնչել են անհանգստությունններ այն առումով, որ կենցաղային բնույթի, միջանձնային բնույթի, անձնական վիրավորանք պարունակող միջադեպերը կարծես թե հաճախակիացել են։ Սակայն այս պահին մենք չենք համարում, որ դրանք ունեն քաղաքական ենթատեքստ։ Ժամանակը ցույց կտա, թե իրականում ինչ կա այդ ամենի հետևում և կա՞ ինչ-որ քաղաքական ենթատեքստ, թե՞ ոչ»։
Նա նշեց, որ իրենք միջադեպին տեղյակ են միայն տեսանյութերով կամ լուսանկարներով։ «Այն, ինչ տեղի է ունեցել ընդունելի չէ, անընդունելի վարքագիծ է, շատ տհաճ միջադեպ է։ Մնացած մանրամասները ոստիկանությունը կպարզի, թե ինչ է տեղի ունեցել։ Ես չեմ նայել այնպիսի տեսնայութ, որտեղ հայհոյանք կա, բայց չի նշանակում, որ գոյություն չունի նման տեսանյութ։ Սպասենք մինչև ոստիկանությունը կտա իրավական գնահատական»։
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, հավանաբար , ալկոհոլի ազդեցության ներքո, մի քանի համայնքապետերի հետ անցել է «շնորհքի, կուլտուրայի բոլոր սահմաններն ու մի քանի համայնքապետերի հետ փորձել է ծեծի ենթարկել Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանին»։