Grenke Сhess Сlassic. Արոնյանն ու Անանդը չեն վճռել հաղթողին
Գերմանիայում ավարտին մոտեցող Grenke Сhess Сlassic մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով 32-րդ քայլում խաղաղ դաշն է կնքել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) հաղթել է Պյոտր Սվիդլերին (Ռուսաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավն (Ֆրանսիա) ուժեղ է գտնվել 14-ամյա Վինսենտ Կեյմերից (Գերմանիա), իսկ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) պարտության է մատնել Գեորգ Մեյերին (Գերմանիա):
Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա)-Արկադի Նայդիչ (Ադրբեջան) պարտիան հաղթող չի ունեցել:
Վերջին տուրից առաջ Լևոն Արոնյանը 4 միավորով բաժանում է 4-7-րդ տեղերը: Միանձնյա առաջատար Մագնուս Կարլսենը վաստակել է 6.5 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող Ֆաբիանո Կարուանան՝ 5.5:
Նախորդ 7 տուրերում հայ գրոսմայստերը միավորը կիսել էր Արկադի Նայդիչի, Գեորգ Մեյերի, Ֆրանսիսկո Վալյեխոյի, Մաքսիմ Վաշյե-Լագրավի ու Վինսենտ Կեյմերի հետ, հաղթել էր Պյոտր Սվիդլերին ու պարտվել Մագնուս Կարլսենին:
Ապրիլի 29-ին անցկացվելիք 9-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Ֆաբիանո Կարուանայի հետ:
Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին: