Զեյնալյան. Եթե դատավորը գտնում է, որ կան ինքնաբացարկի հիմքեր, պարտավոր է հայտնել
«Եթե դատավորը գտնում է, որ կան ինքնաբացարկի հիմքեր, պարտավոր է հայտնել ինքնաբացարկ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի երեք դատավորների՝ Դավիթ Գրիգորյանի, Նելլի Բաղդասարյանի և Հարություն Մանուկյանի նկատմամբ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված կարգապահական վարույթ հարուցելու միջնորդության վերաբերյալ հարցին։ Pastinfo-ն գրել էր, որ հիշյալ դատավորները ինքնաբացարկ են հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննության գործով։
Միջնորդությունը Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացրել էր ՀՀ դատավորների
կարգապահական հարցերի հանձնաժողովը։
Նա նշեց, որ ինքնաբացարկի հիմքերն արձանագրված են Դատական օրենսգրքում, կա նաև իրավակիրառկան հարուստ պրակտիկա՝ Եվրոպական դատարան իր դատական ակտերով։
«Իսկ թե ինչպես կգնահատի էթիկայի կարգապահական հանձնաժողովը, կամ ինչպես կգնահատի արդարադատության նախարարությունն, այլ հարց է։ Եթե դրանից հետո միջնորդությունը ներկայացվի Բարձրագույն դատական խորհուրդ, ապա այդ դատական ատյանն է իրավասու տալ դրա գնահատականը։ Արդարադատության նախարարը, այդ օղակում որևէ մեկը սխալ կլինի, եթե դրա վերաբերյալ նախապես գնահատական ու դիրքորոշում տա։ Նա կդառնա ինքնաբացարկի ենթակա»,- նշեց նախարարը։
Հարցին՝ քաղաքական ենթատեքստ լինելու վերաբերյալ, Ա. Զեյնալյանը պատասխանեց. «Քաղաքական ենթատեքստ տեսնելու համար պետք է կարդալ Բարձրագույն դատական խորհրդի դատական ակտն արդեն հնարավոր ներկայացված միջնորդությունից հետո, եթե այդպիսի որոշում կկայացվի»։
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանի կալանքի հարցը քննելուց հրաժարված դատավորներին առաջարկվել է պատասխանատվության ենթարկել
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
- Արամ Օրբելյան. Ինքնաբացարկ ենք հայտնել դատավորին
- Ալումյան. Դատարանը որոշեց մերժել դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը
- Օրբելյան. Ինքնաբացարկի հիմքը դատավորի ընտանիքի ու իմ միջև առկա կապն է