«Ամբերդ ամրոցի» մոտ շինարարություն իրականացրած անձին ծանուցում է ուղարկվել
Արձագանքելով քաղաքացիների ահազանգին` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն այցելել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտի։ Այստեղ իրականացվում էին շինարարական աշխատանքներ:
«Դրանք որակելով բարբարոսական ու անթույլատրելի, Վահագն Վերմիշյանի հանձնարարությամբ, հողի սեփականատիրոջը ուղարկվել է ծանուցում, և շինարարական աշխատանքները դադարեցվել են: Գործընթացի մասին պարզաբանումներ տալու և հասցված վնասի վերակագնման գործընթացը քննարկելու նպատակով տարածքի սեփականատերը հրավիրվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտե»,- այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից:
Ավելի վաղ Panorama.am-ը գրել էր, «Ամբերդ ամրոց» արգելոցի տարածքում իրականացվում են աշխատանքներ՝ ծանր տեխնիկայի գործադրմամբ։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանման ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն հայտնել է էր, որ նշված աշխատանքներն իրականացվում են արգելոց-թանգարանից մոտ 100-150 մետր հեռավորության վրա՝ սեփականատիրոջ տարածքում, առկա են նաև համապատասխան թույլատրող փաստաթղթեր։
Լուսանկարները՝ Քաղաքաշինության կոմիտեի ֆեյսբուքյան էջից։
Ամբերդ ամրոց-բերդաքաղաքի հիմնադրման ստույգ ժամանակաշրջանը հայտնի չէ: Որոշ գիտնականներ այն վերագրում են կիկլոպյան, ոմանք էլ` ուրարատական և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններին: Պեղումների և պատմահնագիտական ուսումնասիրությունների հիման վրա Ամբերդ ամրոցը թվագրվում է X-XIII դդ.:
Ըստ պատմական աղբյուրների Ամբերդի շինարարությունը սկսվել է VII-րդ դ. Կամսարական իշխանների կողմից: X դ. պատկանել է Պահլավունի իշխաններին և եղել Բագրատունյաց թագավորության կարևոր ռազմապաշտպանական հենակետերից և իր բնական դիրքով ու պաշտպանական կառուցվածքներով անառիկ ամրոցի համբավ է ունեցել: Նրան էր վերապահված Անի քաղաքի պաշտպանողական օղակի պատասխանատու դերերից մեկը:
X-XIII դդ. ամրոց բերդաքաղաքը ընդգրկում էր մի շարք պատմաճարտարապետական հուշարձաններ` ամրոցապարիսպներ, Արքաշեն ձորի և Ամբերդաձորի դարպասները, դղյակ, ջրամբարներ, բաղնիք, գաղտնուղիներ, մատուռ, բնակելի շինություններ և Կաթողիկե եկեղեցին: Ներկայումս բերդաքաղաքից պահպանվել են դղյակի (X-XIII դդ.), պարսպապատերի ավերակները, բաղնիքի (X-XI դդ.), այլևայլ շինությունների մնացորդներ և Կաթողիկե եկեղեցին (Վահրամաշեն) (1026 թ.):