«Արմմոնո» փառատոնին ներկայացվելու է 22 մոնոներկայացում
Ապրիլի 30-ից մայիսի 4-ը Երևանում կանցկացվի «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական 17-րդ փառատոնը: Փառատոնին կմասնակցեն դերասաններ՝ Հայաստանից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Իսրայելից, Ալբանիայից, Ռուսաստանից, Վրաստանից: Փառատոնի շրջանակում կցուցադրվի 22 մոնոներկայացում: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից։
«Արմմոնո-2019» փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 30-ին Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում՝ դերասան, բեմադրիչ Անտոն Մոզգալյովի (ՌԴ) «Ֆաուստ. Ծես» մոնոներկայացմամբ: Փառատոնի հիմնական ծրագրից /«Արմմոնո-Դեբյուտ», Արմմոնո-Օպերա»/ բացի, կցուցադրվեն ներկայացումներ նվիրված Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին, լավագույն ներկայացումներից են՝ Յակով Շապիրոյի /Իսրայել/ «Եկեք, ծիծաղեք և երգեք Յակով Շապիրոյի հետ», Մենտոր Զիմբարայայի /Ալբանիա/ «Ամոկ» և «De Soleil» թատրոնի դերասան Արման Սարիբեկյանի /Ֆրանսիա/ «Նիժինսկի․Կապույտ Աստվածը»։
Փառատոնին մասնակցում են 3 մարզային թատրոններ` էջմիածնից, Գորիսից և Աբովյանից։ Փառատոնի շրջանակում 3 մոնոներկայացում կցուցադրվի Աբովյանի դրամատիկական թատրոնում։
Փառատոնին ներկա կլինեն մրջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ։
Մուտքն ազատ է:
Փառատոնն անցկացվում է մշակույթի նախարարության աջակցությամբ, «Արմմոնո մշակութային փառատոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ։ .