Պարոն Ջանջուղազյանը շփոթել է. Դավիթ Անանյան
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր խորհրդարանում լարգրողների հետ զրույցում անդրադարձավ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հայտարարությանը, թե 2018թ. Հայաստանում 438 մլրդ դրամով պակաս հարկ է հավաքագրվել:
«Ես կառավարության նիստի տեսագրությունը նայել եմ: Կա հարկային ծախս և հարկային պոտենցիալ հասկացություններ: Հարկային ծախսը հանրագումարային այն մեծությունն է, որ հարկային օրենսդրությամբ տրված արտոնությունների պատճառով այդքան թերի են հավաքագրվում պետական բյուջեի եկամուտները: Օրինակ, գյուղատնտեսության ոլորտն ունենալով արտոնություն, հարկեր չեն հավաքագրում այդ ոլորտից: Բյուջետային ուղերձում նշված է, որ հարկային ծախսը գնահատվում է 442 մլրդ: Հավանաբար, խոսքը դրա մասին է եղել, պարոն Ջանջուղազյանը հարկային պոտենցիալ, հարկային ծախս հասկացությունները շփոթել է»,- նշեց Դավիթ Անանյանը:
Նա վստահեցրեց, որ խոսքը հարկերի հավաքագրման թերակատարման մասին չէ:
Դիտարկմանը, թե ինչպե՞ս կարող էր Ատոմ Ջանջուղազյանը շփոթել այդ մասնագիտական տերմինները, Դավիթ Անանյանը նշեց, թե ֆինանսների նախարարը հետո իր խոսքում փորձել է ասել, որ դա հարկային վարչարարության հետ չի կապված, այլ օրենսդրության հետ է կապված: