Փաշինյան. Այսօր ՀՀ-ում որևէ մեկը չի կարող, տնտեսական նպատակներ հետապնդելով, շահարկել իր քաղաքական ազդեցությունը
«Հայաստանի կառավարությունն իրականացնում է մասշտաբային բարեփոխումներ, որոնց նպատակն, անշուշտ, մրցակցային և տեխնոլոգիապես զարգացած տնտեսության ստեղծումն է, որն հիմնված է հավասարության, արդարության և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա»,-հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում:
Կառավարության ղեկավարի խոսքով, վերջին տարվա ընթացքում կարողացել են էական արդյունքների հասնել կոռուպցիայի դեմ պայքարում, բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմանների ստեղծման և դատական իշխանության անկախության ամրապնդման հարցում։
«Մեզ հաջողվեց նվազագույնին հասցնել արհեստական մենաշնորհների և օլիգոպոլիաների գործունեությունը։ Այսօր Հայաստանում որևէ մեկը չի կարող, տնտեսական նպատակներ հետապնդելով, շահարկել իր քաղաքական ազդեցությունը կամ ազդեցության այլ լծակներ։ Սա իր հերթին առողջացրել է երկրի տնտեսական և քաղաքական միջավայրը, և չեմ վարանի ասել, հասարակության բարոյական մթնոլորտն առհասարակ։
Գործուն միջոցառումներ են իրականացվել ստվերային տնտեսության կրճատման ուղղությամբ։ Իրականացվում են արմատական բարեփոխումներ հարկային համակարգում և հարկային վարչարարության մեջ։ Մենք նաև օպտիմալացում ենք իրականացնում պետական կառավարման համակարգում՝ ուղղված կառավարության մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը։
Բոլոր այս քայլերն ուղղված են մեր քաղաքացիների ստեղծագործական, մտավոր և գործնական ներուժի ազատ իրացմանը և օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը։
Հայաստանն այսօր դինամիկ զարգացող երկիր է, որին բնորոշ են քաղաքական կայունությունը և կանխատեսելիությունը։
Կառավարման խորհրդարանական համակարգի պայմաններում բարձրացել է կառավարության հաշվետվողականության և գործունեության թափանցիկության մակարդակը։ Ակնհայտ է զսպումների և հակակշիռների համակարգի ավելի արդյունավետ գործունեությունը։
Այս ամենը տեղի է ունենում երկրում ժողովրդավարության առավել հասուն ինստիտուտների ձևավորման, քաղաքացիական հասարակության և հիմնական ազատությունների առկայության պայմաններում»,-մասնավորապես նշել է Փաշինյանը։
Նիստում քննարկվել են ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացմանը, Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացմանը, արդյունաբերության, առևտրի, մաքսային և տնտեսական ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարներն անդրադարձել են նաև արդյունաբերական և տեխնոլոգիական ոլորտներում եվրասիական ցանցի ստեղծման հարցին, քննարկել այդ ուղղությամբ անելիքները: Քննարկման օրակարգում էր նաև արտաքին տնտեսական գործունեության կարգավորման «միասնական պատուհանի» ազգային մեխանիզմի մոդելի նկարագրման հարցը:
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ներկայացվել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` «ԵԱՏՄ-ում առևտրի թվային էկոհամակարգի զարգացման համար պայմանների ստեղծման մասին» զեկույցը, որը ներառում է առաջարկություններ ԵԱՏՄ-ում ինտերնետ առևտրի զարգացման վերաբերյալ, ինչպես նաև ԵԱՏՀ հաշվետվությունը հանձնաժողովի 2018 թ. ընդունած որոշումների ազդեցության գնահատականի վերաբերյալ և առաջարկություններ ապրանքների դուրսբերման դեպքում ծագման երկրի որոշման միասնական մոտեցումների ձևավորման առնչությամբ:
Նիստի արդյունքներով ստորագրվել են մի խումբ փաստաթղթեր, որոնք վերաբերում են Միության շրջանակում արդյունաբերական կոոպերացիաների գործունեությանը, էլեկտրոնային թվային ստորագրությունների օգտագործմանը, ԵԱՏՄ ներքին շուկայի արգելքների վերացմանը, ապրանքների ներկրման և արտահանման համընդհանուր մոտեցումների կիրառմանը, ԵԱՏՄ-ում առևտրի թվային համակարգի զարգացմանը, տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» սկզբունքի ներդրմանը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսին Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում:
Հարակից հրապարակումներ`
- Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը մեկնարկեց
- Մեկնարկող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին առաջինը ժամանեց ՀՀ վարչապետը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին