Նոր ուսումնական տարում երեխաներն արդեն դպրոց կգնան Թալիշում
Ապրիլյան պատերազմից տուժած Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում մեծ թափով շարունակվում են շինարարական աշխատանքները։ Հանդիսությունների տան, համայնքային կենտրոնի, մանկապարտեզի, դպրոցի կառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Ավելին, նորակառույց մանկապարտեզն արդեն կահավորվել է, իսկ դպրոցի կահավորումը կլինի մոտ ժամանակներում։
Թալիշի համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը վստահեցնում է, որ նոր ուսումնական տարում երեխաներնարդեն դպրոց կգնան Թալիշում։
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացնելով գյուղում ընթացող շինարարության մանրամասները` համայնքի ղեկավարն ասում է, որ ներկայումս շարունակվում են 10 նոր առանձնատների կառուցման աշխատանքները, իսկ առաջիկայում կսկսվի 9 տան հիմնանորոգումը։
Ըստ Վիլեն Պետրոսյանի՝ նախատեսվում է այս տարի ավարտվել բոլոր ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները:
Թալիշի գյուղապետը վստահ է, որ վերակառուցումից հետո մարդիկ ընտանիքներով կվերադառնան գյուղ. «Ամռանը թալիշցիները կվերադառնան գյուղ։ Թալիշցիների մեծ մասը բնակվում է Ալաշանում, ընտանիքներով կտեղափոխվեն և գյուղն աստիճանաբար կվերադառնա բնականոն կյանքին»:
Նրա խոսքով՝ Թալիշում ներկայումս երկու ընտանիք է բնակվում, սակայն թալիշցի տղամարդկանց մեծ մասը ներգրավված է գյուղի վերակառուցման աշխատանքներում. բոլորն էլ ուզում են օր առաջ ավարտել աշխատանքները, որպեսզի Ալաշանում ժամանակավոր ապաստանած իրենց ընտանիքներին տեղափոխեն հարազատ գյուղ։
Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղն ամբողջությամբ դատարկվեց: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ու դրան հաջորդած օրերին բնակավայրը ենթարկվեց ադրբեջանական զինուժի հրետակոծության, հակառակորդի ստորաբաժանումներին հաջողվել է մի քանի ժամով մտնել գյուղ` կատարելով քաղաքացիական բնակչության սպանություններ, ավերել ու թալանել տներ: Հակառակորդի ամենօրյա հրետակոծությունները գյուղը վերածեցին ավերակների։ Բնակիչները մի կերպ են կարողացել փախչել։ Թալիշցիների մեծ մասն այսօր բնակություն է հաստատել «Ալաշան» կոչվող ճամբարում:
Հարակից հրապարակումներ`
- Թալիշը միշտ էլ ապրելու է. սկսվում է նոր բնակելի տների կառուցումը
- Քաղշին. Մինչև տարեվերջ Թալիշում կարմիր ժապավեն կտրելու առիթներ շատ կլինեն
- Արցախի դարպասը՝ Թալիշը, շենանալու է ու միշտ կանգուն է մնալու
- Թալիշը Արցախի դարպասն է և պետք է ամեն ինչ անենք, որ Արցախի դարպասը կանգուն լինի. Թալշցիների կոչը համայն հայությանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան