Բոլոր 13 հարցերի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել. Տիգրան Սարգսյան
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ բոլոր հարցերի վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Նրա խոսքով՝ սովորաբար Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստերում քննարկվում են խնդրահարույց հարցեր, որոնցում կոնսենսուս է անհրաժեշտ: Ըստ նրա՝ վարչապետների մակարդակով քննարկումները թույլ են տալիս նիստի շրջանակներում ընդունել քաղաքական որոշումներ՝ այդ փոխզիջումներին հասնելու համար:
«Մենք այսօր զեկուցում ենք, որ բոլոր 13 հարցերի շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ»,- ընդգծեց նա:
Մատնանշելով մի քանի խնդրահարույց հարցեր՝ Տիգրան Սարգսյանը նշեց, որ առաջին խնդրահարույց հարցը, որի վրա ուշադրություն է ցուցաբերում բիզնեսը՝ արգելքներն են, սահմանափակումները, որոնք թույլ չեն տալիս ձևավորել ընդհանուր շուկաներ:
Նրա խոսքով՝ եռամսյակը մեկ վարչապետներին հաշվետվություն են ներկայացնում ընդհանուր շուկաներում առկա իրավիճակի մասին, որպեսզի բիզնեսի համար ստեղծեն առավել բարենպաստ պայմաններ, որպեսզի նրանք չհանդիպեն խոչընդոտների անդրսահմանային տարածքում՝ առևտուր իրականացնելու համար:
«Ցավոք, մենք արձանագրել ենք, որ այդ խնդիրն այսօրվա դրությամբ լուծված չէ և անհրաժեշտ է վարչապետների քաղաքական կամքը, որպեսզի այն սահմանափակումները, որոնք մենք հաստատել ենք, իսկ դրանց թիվը հասնում է 65-ի, հաղթահարենք: Մենք մշակել ենք այնպսիսի ճանապարհային քարտեզներ, որոնք կնպաստեն այդ սահմանափակումների հաղթահարմանը, սակայն անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կառավարությունները հսկողության տակ վերցնեն այդ հարցերը, որպեսզի կարողանանք հանել դրանք»,- ասաց նա:
Երկրորդ ասպեկտը, որը կարևոր է բիզնեսի համար, ըստ Տիգրան Սարգսյանի, դա հակադեմպինգային հետաքննության գործառույթն է, որն իրականացնում է կոլեգիան:
«Հաջորդ խնդրահարույց հարցը վերաբերել է շաքարավազին, որը ներկրվում է ազատ տնտեսական գոտիներ, իսկ հետո ապրանքները, որոնք պատրաստվում են այդ գոտիներում, հայտնվում են մեր ընդհանուր շուկայում ու այդպիսով խախտվում են հավասար մրցակցային պայմանները: Այստեղ ևս մեզ հաջողվեց այսօր գալ կոնսենսուսի և կա պայմանավորվածություն, որ արդեն հաջորդ տարվա հունվարի 1-ից շաքարավազը կլինի այն ապրանքների ցանկում, որոնք չպետք է հայտնվեն ազատ տնտեսական գոտիներում, այսինքն մենք ստեղծում ենք հավասար, մրցակցային պայմաններ: Մեր ռուսաստանցի գործընկերների կողմից վետո է դրվել նաև կոլեգիայի որոշման վրա՝ կապված նրա հետ՝ արդյոք արտադրողների համար մենք ունենք իրավունք փակել մեր երկրների ոլորտային շուկաները, եթե հանդիպում ենք ինչ որ խնդիրների: Կոլեգիան որոշում է կայացրել, որ չի կարելի փակել ռուսական կաթի շուկան, եթե հայտնաբերվեն այնպիսի ձեռնարկություններ, որոնք խախտում են մեր ընդհանուր տեխնիկական ընթակարգերը: Քննարկումներից հետո նույնպես ընդունվել է կոնսեսուսային որոշում, որ իրոք կոլեգիայի դիքորոշումը ճիշտ է, մենք իրավունք չունենք միակողմանիորեն փակել շուկաները, իսկ ապրանքների տեղափոխումը սահմանափակելու որոշումները պետք է լինեն կոնկրետ ձեռնարկությունների նկատմամբ»,- նշեց Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով՝ այս օրինակները խոսում են այն մասին, որ միջկառավարական խորհրդի ձևաչափը շատ արդյունավետ է, այն թույլ է տալիս բոլոր նման սուր հարցերը վեր հանել և գալ կոնսենսուսի:
Հարցերի երկրորդ խումբը, ըստ նրա, ուղղված են միության զարգացմանը: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության՝ ուղեկցող էլեկտրոնային փաստաթղթերի հետ կապված նախաձեռնությունը ստացել է կոլեգիայի, Եվրասիական միության հանձնաժողովի աջակցությունը և արդեն մշակվում է թվային գրասենյակի կողմից: Այսինքն, Հայաստանի այս փորձը մասշտաբային բնույթ է ստանում Եվրասիական ամբողջ միության շրջանում:
Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ այսօր նիստում նաև հաստատել են «մեկ պատուհանի» մոդելը: Այն բիզնեսի համար ունի սկզբունքային կարևոր նշանակություն:
«Եթե մեր բոլոր հինգ երկրները համապատասխան այս մոդելին ձևավորեն այդ միասնական պատուհանը, ապա դա նշանակում է, որ պետությունները բիզնեսին իրենց ծառայությունները կմատուցեն առավել հարմարավետ: Այս հարցի շուրջ ևս առկա է պայմանավորվածություն»,- ասաց նա:
Տիգրան Սարգսյանը նշեց, որ կոնսենսուս կա նաև թվային առաջին ծրագրի թողարկման շուրջ, որը լուծում է կոոպերացիների խնդիրը: Այդ թվային պլատֆորմը, որը կստեղծվի, առաջին հերթին կպաշտպանի փոքր և միջին բիզնեսի շահերը, քանի որ փոքր բիզնեսի համար հանվում են գործառնական մի շարք ծախսեր. «Այդ թվային պլատֆորմի միջոցով նրանք կկարողանան վաճառել իրենց ծառայություններն ու ապրանքները և միաժամանակ իրենց համար գտնել հաճախորդներ: Այնպես որ սա բավականին լուրջ բեկում է»:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՏՄ-ում առաջնահերթություններից մեկը գազի և նավթի միասնական շուկայի ձևավորումն է . Փաշինյան
- Փաշինյան. Այսօր ՀՀ-ում որևէ մեկը չի կարող, տնտեսական նպատակներ հետապնդելով, շահարկել իր քաղաքական ազդեցությունը
- Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը մեկնարկեց
- Մեկնարկող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին առաջինը ժամանեց ՀՀ վարչապետը
- Երևանում հաստատել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգը