Դավիթ Անանյանը՝ Գագիկ Ծառուկյանի գործարար լինելու մասին
«Ամենօրյա վարչարարություն իրականացնելիս այդպիսի անուն-ազգանունով գործարար ինձ չեն ներկայացրել իմ ենթակաները»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության դիմումին՝ ուղղված ԱԺ-ին և դատախազությանը` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու պահանջով, և պատասխանելով հարցին, թե Գագիկ Ծառուկյան անունով կա՞ ՊԵԿ բազայում:
Նրա խոսքով՝ ակտիվ հարկ վճարողները, որոնք հարկային համակարգում ինչ-որ գործողություն են կատարում, շուրջ 85-90 հազարն են. «Եթե դուք կարծում եք, որ ես բոլորին անգիր գիտեմ, շնորհակալություն եմ հայտնում, բայց այդպիսի մեծ ակնկալիքներ իմ հիշողությունից մի ունեցեք»։
Լրագրողների հարցին, թե խոշոր հարկատուների՞ մեջ կա, Դավիթ Անանյանը նշեց, որ չի կարող շուրջ 1400-1500 խոշոր հարկատուների մեջ բոլորին հիշել։
Նա նաև ասաց, որ անհատական շփումներ Գագիկ Ծառուկյանի հետ չունի:
Նշենք, որ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ ի դեմս գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի, դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու եւ քրեական հետապնդում հարուցելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։