Հայաստանը հետաքրքրված է ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների արդյունավետության բարձրացմամբ. Փաշինյան
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի մամուլի համատեղ ասուլիսը: Նիկոլ Փաշինյանը և Տիգրան Սարգսյանը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ, այնուհետև պատասխանել լրագրողների հարցերին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում մասնավորապես նշել է.
«Ցանկանում եմ մեր գոհունակությունը հայտնել Եվրասիական միջկառավարական այսօրվա նիստի առնչությամբ։ Լիահույս ենք, որ այս նիստը, ինչպես և Եվրասիական տնտեսական կառույցի շրջանակում Հայաստանի նախագահությամբ իրականացվող մյուս նախաձեռնությունները, կնպաստեն հետագա ինտեգրմանը և գործնական արդյունքների գրանցմանը՝ առաջին հերթին մեր երկրների քաղաքացիների համար:
Հայաստանը հետաքրքրված է Միության շրջանակում ինտեգրացիոն գործընթացների արդյունավետության բարձրացմամբ և պատրաստ է անհրաժեշտ բոլոր ջանքերը գործադրել այդ նպատակին հասնելու համար:
Այսօր մեր հանդիպման օրակարգում 13 հարց էր: Դրանցից շատերը կարևոր նշանակություն ունեն մեր ինտեգրման խորացման գործում։
Մասնավորապես, դա վերաբերում է Միության թվային օրակարգի՝ մեր համագործակցության առաջնահերթություններից մեկի իրականացմանն առնչվող հարցերին։ Մենք քննարկեցինք ԵԱՏՄ-ում առևտրի թվային էկոհամակարգի զարգացման հարցը, որը կարևոր նշանակություն ունի առցանց առևտրի զարգացման համար։
Քննարկվեց նաև գործադիր իշխանության հետ Հայաստանի, Ռուսաստանի և Ղրղզստանի տնտեսվարողների փոխգործակցության ընթացքում օգտագործվող էլեկտրոնային թվային ստորագրությունների ազգային գաղտնագրական չափանիշների օգտագործման հարցը։ Այս հարցը բարձրացրել էր հայկական կողմը, և մենք ուրախ ենք, որ մեր գործընկերներն աջակցության պատրաստակամություն հայտնեցին։
Մենք նաև քննարկեցինք «Արդյունաբերական կոոպերացիայի և տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանց» նախագիծը։ Դրա հիմնական նպատակն է՝ գործընկերության ձևավորման էկոհամակարգի ստեղծումը, փոքր և միջին ձեռնարկությունների ներգրավումը խոշոր արտադրողների շղթաներում, ինչպես նաև նորարարական գործընթացների խթանումը՝ տեխնոլոգիաների տրանսֆերի միջոցով։
Մեր օրակարգում էին նաև Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեությանը խոչընդոտող հանգամանքների վերացման հարցերը։ Կցանկանայի նաև առանձնացնել մեր երկրների արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացմանը միտված որոշումը։
Հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, հնարավոր է, ավելի մանրամասն կանդրադառնա Միության որոշումներին, իսկ ես կցանկանայի կատարված արդյունավետ աշխատանքի համար երախտագիտությունս հայտնել այսօրվա նիստի մասնակիցներին:
Կցանկանայի ընդգծել հետագայում ևս Երևանում ԵԱՏՄ շրջանակում միջոցառումներն անցկացնելու մեր պատրաստակամությունը:
Ուրախ կլինենք ողջունել պետությունների ղեկավարներին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որը տեղի կունենա Հայաստանում այս տարվա հոկտեմբերին»:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի դեմ պատժամիջոցները լրացուցիչ հնարավորություն են ստեղծում Հայաստանի համար. Տիգրան Սարգսյան
- Բոլոր 13 հարցերի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել. Տիգրան Սարգսյան
- ԵԱՏՄ-ում առաջնահերթություններից մեկը գազի և նավթի միասնական շուկայի ձևավորումն է . Փաշինյան
- Փաշինյան. Այսօր ՀՀ-ում որևէ մեկը չի կարող, տնտեսական նպատակներ հետապնդելով, շահարկել իր քաղաքական ազդեցությունը
- Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը մեկնարկեց
- Մեկնարկող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին առաջինը ժամանեց ՀՀ վարչապետը
- Երևանում հաստատել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգը