Նախարար. Արցախում ունենք բոլոր նախադրյալները լավ բերք ստանալու համար
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի նվազագույնի հասցվի ցանքատարածություններում հրդեհների պատճառով բերքի կորուստը՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով լրացուցիչ միջոցներ։ Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի, շրջվարչակազմերի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
«Այս տարի ունենք գոհացնող նախադրյալներ բոլոր մշակաբույսերից լավ բերք ստանալու համար: Այդ իսկ պատճառով պետք է օգտագործենք հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների իրականացման համար մեր ամբողջ հնարավորությունները՝ վնասները նվազագույնի հասցնելու համար»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, խորհրդակցությանը արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալ Վլադիկ Խաչատրյանը ներկայացրել է կատարված և նախատեսվող աշխատանքների մասին մանրամասներ:
Հանդիպման ավարտին պետնախարարը հորդորել է սերմերի և պարարտանյութերի տրամադրմանը զուգահեռ տեղերում բացատրական աշխատանքներ տանել դրանց ճիշտ և անվտանգ օգտագործման վերաբերյալ: