Իրանի դեմ պատժամիջոցները լրացուցիչ հնարավորություն են ստեղծում Հայաստանի համար. Տիգրան Սարգսյան
ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև արդեն երկու տարի գործում է ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, և այն ցույց է տվել իր արդյունավետությունը: Այս մասին այսօր Երևանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով՝ վիետնամական շուկան մեծ է ու դինամիկ, և հայկական արտադրանքի համար այն հետաքրքրություն է ներկայացնում:
Տիգրան Սարգսյանը նաև հայտնեց, որ Սերբիայի հետ բանակցություններ են ընթանում ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ: Բացի այդ, ԵԱՏՄ-ն ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրեր է մշակում Սինգապուրի, Հնդկաստանի և Եգիպտոսի հետ, ինչպես նաև Իսրայելի հետ:
Անդրադառնալով ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի վավերացմանը՝ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այստեղ իրավիճակը բարդ է նրանով, որ երբ բանակցությունների էին ընթանում, Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը դեռևս չկար:
«Իհարկե դա որոշակի փոփոխությունների կբերի տնտեսվարող սուբյեկտների համար, քանի որ դա լրջորեն ազդում է իրանցի գործընկերների հետ առևտրի իրականացման տեխնոլոգիաների, գործարքների, ֆինանսական գործողությունների վրա: Մյուս կողմից՝ այդ պատժամիջոցները լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում՝ առաջին հերթին Հայաստանի համար, քանի որ Հայաստանը կարող է օգտվել իր աշխարհագրական դիրքից և առաջարկել որոշակի գործիքակազմ, որոնք կարող են նպաստել ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը: Հայաստանը կարող է նաև կամուրջ լինել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև»,- նշեց Տիգրան Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Բոլոր 13 հարցերի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել. Տիգրան Սարգսյան
- ԵԱՏՄ-ում առաջնահերթություններից մեկը գազի և նավթի միասնական շուկայի ձևավորումն է . Փաշինյան
- Փաշինյան. Այսօր ՀՀ-ում որևէ մեկը չի կարող, տնտեսական նպատակներ հետապնդելով, շահարկել իր քաղաքական ազդեցությունը
- Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը մեկնարկեց
- Մեկնարկող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին առաջինը ժամանեց ՀՀ վարչապետը
- Երևանում հաստատել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգը