Դա անհավանական էր, երազանք. ֆուտբոլիստը՝ Հայաստանի դրոշի ներքո խաղալու մասին
ՀՖՖ պաշտոնական կայքը ներկայացնում է Հայաստանի Մ19 հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների հետ հարցազրույցների շարքը: Յուրի Օգանեսյանը խաղում է «Լիոն Դյուշերում», կենտրոնական պաշտպան է և շատ հպարտ է հավաքական հրավիրվելու համար.«Ծնվել եմ Երևանում, բայց ընտանիքիս հետ տեղափոխվել եմ Լիոն: Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել 6 տարեկանում: Սկզբում խաղում էի Լիոն քաղաքի կողքի փոքր ակումբներում: Հետո աստիճանաբար ավելի ուժեղացա և սկսեցի հանդես գալ «Լիոն Դյուշերում»: Լավ ակումբ է, «Օլիմպիկից» հետո Լիոնի երկրորդ ուժեղ ակումբն է: Խաղում եմ մինչև 19 տարեկանների թիմի հիմնական կազմում»:
-Որո՞նք են Ձեր ուժեղ կողմերը:
- Ագրեսիվ եմ, մեկը մեկի դեմ խաղում նույնպես հաջող եմ խաղում:Բացի այդ բավականին ունիվերսալ եմ. իմ թիմը խաղում է 4 պաշտպաններով, բայց երբեմն խաղում ենք նաև կենտրոնական 3 պաշտպաններով: Ակումբում խաղում եմ կենտրոնական պաշտպանի դիրքում, բայց հավաքականում Ոսկանյանն ինձ օգտագործում է նաև աջ պաշտպանի դիրքում:
-Ի՞նչ զգացողություններ ունեցաք, երբ հայտնվեցիք Հայաստանի Մ19 հավաքականում:
-Ես նույնիսկ չէի կարող երազել, որ երբևէ կխաղամ Հայաստանի դրոշի ներքո, դա անհավանական էր, բայց երբ հրավիրեցին, մեծ սիրով համաձայնեցի:
-Ճանաչո՞ւմ էիք Մ19 հավաքական հրավիրված ֆրանսահայ մյուս ֆուտբոլիստներին և ի՞նչ կարծիքի եք նրանց մասին:
-Գիտեի միայն Մանուել Նազարեթյանին, տեսել էի նրա խաղը, մյուսներին չէի ճանաչում: Շատ լավ տղաներ են: Հավաքի ընթացքում նույն սենյակում էինք մնում: Քանի որ նրանք հայերեն չեն խոսում, նաև թարգմանում էի նրանց համար:
-Ի տարբերություն ֆրանսահայ մյուս ֆուտբոլիստների, Դուք արդեն երկրորդ անգամ էիք մասնակցում Մ19 հավաքականի հավաքին: Ի՞նչ տպավորություններ ունեք թիմից:
-Լավ թիմ ունենք, ինձ շատ լավ ընդունեցին: Առաջին խաղում Լատվիայի դեմ ոչ-ոքի խաղացինք, երկրորդում պարտվեցինք, բայց վատ չխաղացինք: Վստահ եմ, որ կարող ենք ավելի լավ խաղալ:
-Հուլիսի 14-ից 27-ը Երևանում կկայանա Եվրոպայի Մ19 առաջնության եզրափակիչ փուլը, որն, անկասկած, Ձեր կարիերայի ամենակարևոր մրցաշարը կարող է դառնալ: Ինչպե՞ս եք գնահատում վերջնական հայտացուցակում հայտնվելու Ձեր հնարավորությունները:
-Չեմ կարող ասել, մարզիչը կորոշի, բայց դա շատ մեծ հնարավորություն կլինի ինձ համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա