Բարեկեցիկ հասարակությունն ապահով երկրի երաշխիքն է. Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առիթով։
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր Աշխատանքի օրն է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիդ:
Բոլոր արժեքները և արժեքավոր ամեն ինչ՝ հանապազօրյա հացից մինչև նորագույն տեխնոլոգիա, մշակութային արժեքից մինչև տնտեսական նվաճում, ստեղծվում են մարդու աշխատանքի շնորհիվ: Պատահական չէ, որ մարդկային կապիտալն ամենաթանկն է աշխարհում:
Աշխատանքը մղում է մտածելու, երազելու, ստեղծելու, արարելու: Հարափոփոխ աշխարհում գիտելիքներով և հմտություններով զինված աշխատանքն է երաշխավորված հաջողության գրավականը: Միաժամանակ, շատ կարևոր է, որ աշխատանքի իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք աշխատելու հնարավորություն ունենա, և այդ աշխատանքն ապահովի արժանապատիվ կենսամակարդակ: Բարեկեցիկ հասարակությունն ապահով երկրի երաշխիքն է:
Աշխարհի ցանկացած երկրում մենք կարող ենք տեսնել մեր հայրենակիցների արարող ձեռքի և ստեղծագործ մտքի արգասիքները, բայց մեր մեծագույն ձեռքբերումների աղբյուրը Հայաստանն է, որտեղ պետք է շարունակեն կերտվել մեր հետագա հաջողությունները:
Հենց մեր աշխատանքով պետք է ապահովենք Հայաստանի այսօրվա ու ապագա զարգացումը՝ ոչ միայն նորարար մոտեցումներով, այլև կիրառելով ժամանակակից աշխատանքի կազմակերպման և աշխատողների իրավունքների պաշտպանության առաջադիմական փորձն ու մոտեցումները: Վստահ եմ, որ բոլորիս ջանքերը համատեղելով՝ շենացնելու ենք մեր միասնական Հայաստանը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ: Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել աշխատանքի վետերաններին, ովքեր մեզ փոխանցում են ոչ միայն աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունն ու հարգանքը, այլև դարերից մեզ հասած արհեստներն ու հմտությունները:
Ցանկանում եմ, որ բոլորդ հնարավորություն ունենաք աշխատանքի միջոցով, աշխատանքի շնորհիվ իրացնելու ձեր ֆիզիկական, մտավոր, հոգևոր ու նյութական հմտությունն ու ներուժը, գիտելիքը, փորձն ու երևակայությունը:
Մաղթում եմ, երջանկություն, բարեկեցություն և ամենայն բարիք»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան