Գողացած մեղրամիսը, միլիոններն ու «Yerevan travel»-ի անհետացած նախկին աշխատակցուհին
Հայաստանի մի քանի քաղաքացիներ, ովքեր պատրաստվում էին իրենց մեղրամիսը, հանգիստ, կամ ուղղակի ժամանցն անցկացնել Եգիպտոսում, հիասթափված են, զայրացած ու խաբված։ Travelan տուրիստական ընկերությունից օգտված քաղաքացիներից մեկը սոցցանցում ահազանգել է՝ վճարել են ավելի քան կես միլիոն դրամ, սակայն պարզել են՝ Շարմ էլ Շեյխում իրենց համար ամրագրված ոչ մի հյուրանոց չկա։
«Ապրիլի 20-ին Մաշտոցի 18 հասցեում տեղակայված Travelan տուրիստական գործակալությունից գնել ենք հանգստի ուղեգիր՝ (Եգիպտոս, Շարմ էլ Շեյխ, մայիսի 21-30, 3 հոգու համար նախատեսված) վճարելով ամբողջ գումարը 531.000 դրամ...գումարի դիմաց կնքել ենք պայմանագիր և ստացել ստացական։
Վաուչերը վերցնելու համար մի քանի անգամ զանգել եմ Travelan տուրիստականի տնօրեն, ինձ հետ պայմանագիր կնքած Ա. Ս., սակայն ապարդյուն»,-մանրամասնել է քաղաքացին։
Արդեն տուրիստական գործակալության գրասենյակի մոտ հավաքված քաղաքացիները պատմել են իրենց պատմությունները, օրինակ, մեղրամիսի մեկնող նորապսակ զույգը օդանավակայանում պարզել է, որ մեկնել չեն կարող, մեկ այլ զույգ էլ արդեն Շարմ էլ Շեյխում պարզել է, որ հյուրանոցում տեղ չունի։
Այս ու այլ ահազանգերին ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ընկերությունը։
«Հարգելի գործընկերներ, ընկերներ, օգտատերեր,
Մեր ընկերությունը որոշել էր մինչև դատարանի որոշումը, ոչ մի տեղեկատվություն չտարածել Ա. Ս.-ի վերաբերյալ, ծնված 15.05.1995, սակայն վերջին օրերի զանգերի տեղատարափը, ինչպես նաև իրադարձությունների նոր զարգացումը, արդեն նոր խաբված հաճախորդների հետ կապված, ստիպում է պարզաբանել:
«ՕԴԱԿ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությունը հանդիսանում է ռուսական «ODAK Group» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը, որին են պատկանում «Yerevan Travel / Երևան Թրավել» տուրիստական ընկերությունը, «Журнал АРМЕНИЯ ТУРИСТИЧЕСКАЯ» ամսագիրը, «SONG TV Armenia» հեռուստաալիքը, «Torg.am» ընկերությունը և էլի մի քանի ընկերություններ:
2018 թվականի սեպտեմբերին մեզ հայտնի է դարձել, որ 2017 թվականի հոկտեմբերից «YEREVAN TRAVEL» տուրիստական ընկերությունում, որպես տուրմենեջեր գրանցված աշխատակցուհի՝ Աննա Նաիրիի Սահակյանը, իրականացրել է տուրիստական ծառայությունների վաճառք, ընկերության անունից, ընկերության դրամարկղ մուտքեր չանելով:
Նախնական տվյալներով, ընկերությանը հասցրած վնասի չափը անցնում է 10.000.000 / տասը միլիոն / ՀՀ դրամը, ինչի մասին մենք դիմում հաղորդում ենք ուղարկել 2018 թ դեկտեմբերին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:
Ներկա պահին հարուցված է քրեական գործ, հետաքննությունը շարունակվում է:
Կա կարծիք, որ վերոհշյալ անձը միայնակ չի գործում, հետևաբար խնդրում ենք բոլոր նրանց ովքեր տուժել են, ներկա պահին արդեն TRAVEL AN Travelan ընկերության անվան տակ գործող, Աննա Նաիրիի Սահակյանի գործունեությունից հաշվեհարդարի տարբերակներ չփնտրել, այլ դիմել իրավապահ մարմիններին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելով»։
Ոստիկանությունում առայժմ զանգերին չեն պատասխանում, հիշեցնենք, օրը ոչ աշխատանքային է։ Դատական տեղեկատվական համակարգում նման գործ չգտանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: