Հունգարիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը
Հունգարիան վավերացրել է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է Հունգարիայի խորհրդարանի կայքից։
Ըստ խորհրդարանի կայքում հրապարակված տեղեկության, Հունգարիայի խորհրդարանում ՀՀ-ԵՄ համաձայնագրի քվեարկությունը տեղի է ունեցել մարտի 19-ին։ Խորհրդարանում համաձայնագրի վավերացումն ընդունվել է 169 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Համաձայնագիրը խորհրդարանի նախագահի կողմից ստորագրվել է մարտի 24-ին և ուղարկվել Հունգարիայի նախագահին։ Նախագահ Ադեր Հանոշն այն ստորագրել է մարտի 26-ին։
Նշենք, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կնքումից ի վեր քաղաքական շրջանակներում մտահոգություններ էին հնչում, թե արդյոք Հունգարիան կարող է խնդիրներ առաջացնել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման համար, ում հետ Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները։ 2012 թվականին Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին, որը Հունգարիայում դատապարտված էր ցմահ ազատազրկման՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու համար: Այդ ժամանակ Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, որոնք մինչ օրս չեն վերականգնվել:
Այսպիսով, ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որը ստորագրվեց 2017թ.-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, արդեն վավերացրել է ԵՄ անդամ 13 երկիր, ինչպես նաև Հայաստանը։ Հունգարիայի կողմից համաձայնագրի վավերացման մասին տեղեկությունը, սակայն, դեռևս հրապարակված չէ ԵՄ խորհրդի կայքում, ինչպես նաև Ֆինլանդիայի կողմից վավերացումը, որի մասին հայտարարվեց ապրիլի 28-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան