Կինս այդ գումարներն ունեցել է մեր ամուսնությունից առաջ. Արգիշտի Քյարամյան
Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նորից անդրադարձավ իր ունեցվածքին:
Նա նախ հիշեցրեց, որ ՊՎԾ-ի ֆեյսբուքյան էջում պարզաբանում է տեղադրվել, որով ներկայացնում է իր հայտարարագրած գումարի ծագումնաբանությունը:
Նշենք, որ ըստ այդ պարզաբանման, հայտարարագրած դրամական միջոցների մի զգալի մասը Արգիշտի Քյարամյանին նվիրել է Եվրոպայում բնակվող քեռին՝ գնում կատարելու նպատակով, սակայն հետագայում այդ գնումը նպատակահարմար չի համարել։
«Հիշյալ գումարների մի մասն էլ ձևավորվել է Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքով զբաղվող մերձավոր ազգականներիս և մեր ընտանիքի այլ բարեկամների պարբերական նվիրատվություններից, ովքեր միշտ գումարային օգնություններ են տրամադրել ինձ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես չեմ զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ: Իմ համար այս հարցին չպատասխանելու պատճառներից մեկն էլ այն է եղել, որ նվիրատվությունների մի մասը ստացել եմ մինչ պետական պաշտոններ զբաղեցնելը»,- նշված է պարզաբանման մեջ:
Լրագրողների հետ զրույցում Արգիշտի Քյարամյանն ասաց, որ երբ 2016 թ-ին ծառայության է անցել դատախազությունում, 2017թ-ին արդեն իսկ ներկայացրել է հայտարարագիր, որում, ըստ էության, ներառվել են քննարկման առարկա դարձած ողջ ունեցվածքը, այդ թվում՝շարժական ու անշարժ գույք և դրամական միջոցներ:
«Այսինքն՝ իմ ներկայացրած առաջին իսկ հայտարարագրում ամբողջությամբ ներառել եմ քննարկման առարկա դարձած ողջ ունեցվածքը: Հետագայում տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել այլ մարմիններում, ընդ որում, ավելի պատասխանատու պաշտոններ և հետագայում ներկայացված հայտարարագրերում որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ մինչև պաշտոն ունենալն ինքն այդ գույքն ունեցել է:
Դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պարզաբանում կպահանջի նրանից այդ հարցով, և արդյոք վարչապետն հարցի պատասխանը ստացել է, Արգիշտի Քյարամյանն ասաց, որ իր և վարչապետի խոսակցությունը հրապարակման ենթակա չէ։
Լրագրողները նորից հարցրեցին՝ որտեղից նրան այդ ունեցվածքը, ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ այն չի ձևավորվել աշխատանքային գործունեության ընթացքում. «Եթե չի ձևավորվել աշխատանքային գործունեության ընթացքում, այլ ձևավորվել է անձնական կյանքի ընթացքում, կարծում եմ՝ այդ առումով այլևս ասելու բան չունեմ»:
Հարցին, թե բավականին մեծ կարողություն ուներ նաև իր կինը, որտեղի՞ց նրան 26 մլն դրամ և 46 հազար դոլարը, Արգիշտի Քյարամյանը նախ ասաց, որ շատ շուտ է ամուսնացել, քան որևէ պետական պաշտոն ստանձնելը. «Կինս այդ գումարներն ունեցել է մեր ամուսնությունից առաջ։ Կուզեի շեշտել, որ առաջին իսկ հայտարարագրում ես այդ գումարները ևս նշել եմ»:
Դիտարկմանը, թե արդյոք իր կինը հարուստ մարդու աղջիկ է, Արգիշտի Քյարամյանը հրաժարվեց պատասխանել հարցին՝ նշելով , որ չի ցանկանում քննարկել իր անձնական կյանքը։
Արգիշտի Քյարամյանը հրաժարվեց ներկայացնել հոր անուն-ազգանունը
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե որոշ լուրերի համաձայն՝ իր հայրը Կոտայքի թեմի առաջնորդն է, արդյոք ճիշտ են այդ լուրերը, Արգիշտի Քյարամյանն ասաց, որ հոգևորականը հայտարարել է՝ իրենք ազգականներ են։
«Չեմ ցանկանում մեկնաբանել՝ չնայած կարող եմ հեշտությամբ հերքել։ Յուրաքանչյուր անձ, այդ թվում՝ պաշտոնատար, ունի անօտարելի իրավունքներ, ցանկացած անձ ունի ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունք: Որպեսզի ճիշտ ընկալված լինեմ, ես հերքում եմ այդ լուրերը, բայց բարեկամ լինելը չեմ հերքում»,- ասաց Արգիշտի Քյարամյանը՝ հավելելով, որ ինքն այլևս ընտանեկան որևէ հարցի չի պատասխանելու:
Հարցին, թե ինչ ազգակցական կապ կա իր և Կոտայքի թեմի առաջնորդի միջև, ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց. «Բարեկամ է: Այդ հարցին ևս չեմ պատասխանի: Կարծեմ՝ սրբազանն ասել է՝ հորեղբոր թոռ»:
Արգիշտի Քյարամյանը նաև հրաժարվեց ներկայացնել իր հոր անուն-ազգանունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում