ԵԱՏՄ նիստից հետո Փաշինյանի քարոզչական թիմը դուրս է եկել վերահսկողությունից
Երևանում ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերի մասնակցությամբ տեղի ունեցած նիստից հետո սոցիալական ցանցերում իսկական հիստերիա է սկսվել: Նիստի ընթացքում ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդևի ճշտող հարցը Ն. Փաշինյանին մի շարք օգտատերեր հումորային դրվագ են որակել:
Եվ, մինչ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ կփորձեր բացատրել լեզվական խնդրի էությունը, նրա կողմնակիցները` իրենց դեմքերով և ֆեյքերով, «ազգային-ազատագրական պատերազմ» էին սկսել Դմիտրի Մեդվեդևի և ընդհանրապես` Ռուսաստանի դեմ: Փաշինյանի վատ ռուսերենը և Մեդվեդևի ծիծաղը ընկալվել է ոչ թե որպես պարզ աշխատանքային դրվագ, որը Փաշինյանի խոսքով` սրճելու հետ էր կապված, այլ Փաշինյանի անձի նպատակաուղղված ստորացում ԵԱՏՄ վարչապետերի և հատկապես` ՌԴ վարչապետի կողմից:
Եվ, քանի որ Հայաստանի իշխանությանը սպասարկող քարոզչամեքենան առանձնապես աչքի չի ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով, աշխատանքային ծիծաղելի միջադեպը` որպես հումորային դրվագ ներկայացնելու փոխարեն քարոզչության պատասխանատուներն իշխանության կողմնակիցներին և ֆեյքերին նետել էին սոցցանցեր` պաշտպանելու Փաշինյանի «խաթարված հեղինակությունը»: Արդյունքում, թիրախում էր հայտնվել ՌԴ վարչապետի անձը` փաթեթավորված Հայաստանում սորոսական քարոզչամեքենայի՝ բազմաթիվ տարիներ բանեցված հակառուսական թեզերով:
Փաշինյանի կողմնակիցների և ֆեյքերի գրոհային հիմնական ուղղությունները «հերթական անգամ ռուսական մեծապետական շովինիզմի դրսևորումն էր», «Ռուսաստանի էլիտայում Մեդվեդևի կշիռ չունենալը» և «ՌԴ վարչապետի վատ դաստիարակությունը»: 2018թ.-ին Հայաստանում փաշինյանական հեղափոխությունից հետո իշխանության վերին օղակներում հայտնված հակառուսական տարրերը, որոնք շուրջ մեկ տարի լռում էին, ըստ էության, քողարկված էին` գոնե հրապարակային մակարդակում խուսափելով հակառուսական գործունեության ծավալումից: Մինչդեռ ԵԱՏՄ վարչապետերի նիստի ընթացքում տեղի ունեցածն առիթ հանդիսացավ զբաղվելու այն գործով, որին լծված են եղել վերջին 10-15 տարիների ընթացքում, այն է` հակառուսական քարոզչությունը և Ռուսաստանի նկատմամբ թունավոր հարձակումները:
Ուշագրավ է, որ Փաշինյանի կողմանկիցներին և ֆեյքերի բանակներին համակարգողներին թվում է, թե սոցցանցերում Դմիտրի Մեդվեդևի անձը և Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում թիրախավորելն ու պիտակավորելը փրկում է իշխանության օրեցօր խաթարվող հեղինակությունն ու նվազող քաղաքական վարկանիշը:
Ստացվում է, որ Հայաստանի իշխանության քարոզչության պատասխանատուները հանուն մեկօրյա քարոզչական արդյունքի պատրաստ են վտանգի տակ դնել ոչ միայն Փաշինյան-Մեդվեդև անձնական ու գործնական հարաբերությունները, այլև հայ-ռուսական հարաբերություններն ընդհանրապես: Տպավորություն է, որ Հայաստանի քաղաքական իշխանության հասունությունը և ստրատեգիական մտածողությունը չի հասել այնպիսի մակարդակի, որը թույլ է տալիս անտեսել սոցցանցերի մակարդակում պտտվող հումորային ժանրի դրվագները և դրանց արձագանքել հումորով կամ առնվազն` չհրահանգավորել Փաշինյանի կողմնակիցներին ու սոցցանցերում վխտացող ֆեյքերի բանակներին թիրախավորել թիվ մեկ ռազմաքաղաքական դաշնակից պետությանն ու նրա վարչապետի անձը:
Ակնհայտ է, որ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը իրավիճակը փրկելու փորձ էր, քանզի քարոզչական թիմը դուրս էր եկել վերահսկողությունից: Սակայն, արդեն իսկ պարզ է, որ պահածոյացված հակառուսականության տարայի բերանը բացելով` Փաշինյանի քարոզչական թիմը, փաստացի, ապացուցում է, որ ոչ թե հրաժարվել է տարիներով գործարկված հակառուսականությունից, այլ ուղղակի ժամանակավորապես քողարկել է աշխարհաքաղաքական ընկալումներն ու այն ստրատեգիական քաղաքական-քարոզչական ծրագրավորման էությունը, որի անմնացորդ կրողն ու հետևորդներն է` թե՛ իրական դեմքերով, և թե՛ ֆեյքերի բանակներով: Ի վերջո, ինչպես մարդը չի կարող երկար ժամանակ դեմ գնալ հիմնական բնազդներին, այնպես էլ քաղաքական թիմը չի կարող շատ երկար ժամանակ քողարկել իր էությունն ու իրական նպատակները:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին