Տուրիստական գործակալության միլիոններ յուրացրած աշխատակցին մեղադրանք է առաջադրվել
Panorama.am-ը երեկ գրել էր խաբված քաղաքացիների մասին, ովքեր վճարել էին Եգիպտոսում հանգստանալու համար, բայց նրանցից շատերը տարբեր փուլերում պարզել էին, որ ոչ տոմս կա, ոչ էլ հյուրանոցի ամրագրում։
Պարզվում է, որ «Երևան թրավել»-ի արդեն նախկին աշխատակիցը նման գործունեություն ծավալել է նաև հայաստանյան ռեստորաններ ու հյուրանոցներ ամրագրելիս։
Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին, որ ընկերության վաճառքի գծով մենեջերին՝ Ա. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս 2018 թվականի հունվարից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, կազմակերպության անունից ամրագրումեր է կատարել ՀՀ-ում գործող տարբեր հյուրանոցային և ռեստորանային համալիրներում։
Դրանց դիմաց քաղաքացիներից կանխիկ և անկանխիկ եղանակով մաս-մաս ստացված, ընդհանուր առմամբ խոշոր չափի 9 միլիոն 610 հազար 515 դրամը հանելով տուրիստական կազմակերպության ֆոնդից, ընդգրկել է իր գույքային ֆոնդում։
«Դիտավորությամբ յուրացրել է նշված գումարը, այդ կերպ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս: Նրան մեղադրանք էառաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3 մասի 1-ին կետով»,-ասացին քննչական կոմիտեից։
Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3 մասի 1-ին կետը սահմանում է. «Յուրացնելը կամ վատնելն առանձնապես խոշոր չափերով պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»։