Բնակարանային գողությունները 2018-ին 2017-ի համեմատությամբ շուրջ 60 տոկոսով ավելացել է. Արթուր Դավթյան
Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվելու է «ՀՀ դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը:
Հիմնական զեկուցողը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց. «Մենք 2018 թվականին չենք ունեցել դասական իմաստով կրիմինոլոգիական առումով վատթարացնող արդյունքներ։ Բայց առանձնացրել ենք հիմնական երկու ուղղություններ, որոնցով ունեցել ենք վատագույն արդյունքներ։ Դրանցից մեկը հափշտակությունների և հատկապես բնակարանային գողությունների աճն է, որը 2017 թվականի համեմատությամբ շուրջ 60 տոկոսով ավելացել է, մյուսը ճանապարհային երթևեկության կանոնների հանցավոր խախտումների դեպքերն են, որոնք շուրջ 30 տոկոսի աճ են գրանցել։ Առավել մտահոգիչը այս հանցագործությունների մահվան ելքով դեպքերն են, որոնք էլ 25 տոկոսով են ավելացել»։
Գլխավոր դատախազի խոսքով՝ սրան զուգահեռ 2018 թվականին եղել են սպանությունների՝ առնվազն վերջին 30-40 տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշը։
«Հանրապետությունում 38 սպանություն է տեղի ունեցել»,- ասաց Դավթյանը։
Նա նաև շեշտեց, որ օրենսդրական փոփոխությունների կարիք կա՝ կանխելու բնակարանային գողությունները և այլ հանցագործություններ. «Պատժի խստությունը դրական լուծում է բերում»։
Ինչ վերաբերում է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու պարկտիկային, Դավթյանն ասաց, որ ՄԻԵԴ-ում նախադեպային իրավունքը վերլուծելով՝ գործնական ուղենիշներ սահմանվեցին և դարձան քրեական հետապնդման մարմինների համար սեղանի գրքեր. «Կարճ ժամանակ լուրջ արդյունքներ ենք ունեցել։ Մեղադրյալները նախորդ տարի 10 տոկոսով ավելի են եղել, բայց այդ պայմաններում 2018-ին 20 տոկոսով ավելի պակաս կալանքի միջնորդություներ են ներկայացվել։ Սա ցույց է տալիս, որ կալանքի հարցին գնալը լուրջ քննարկման փուլ է անցնում»։