Վանեցյան. Որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժի լեզվով (factor.am-ի եթերից)
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ ՊՎԾ պաշտոնյա Սամվել Ադյանից սպառնալիքներով ցուցմունքներ կորզելու վերաբերյալ տեղեկություններին չի արձագանքում։
«Կա դատախազություն, թող դիմեն, եթե նման հարցեր կա, դատախազությունը կկայացնի որոշումը»,- Factor.am-ի ուղիղ եթերում հայտարարեց Արտաշատում գտնվող Վանեցյանը։
ՊՎԾ պաշտոնյանների դեմ հարուցված քրեական գործի շուրջ հնչող հայտարարություններից շատերը նա ուղղորդող համարեց, չցանկացավ անդրադառնալ ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի՝ իրեն ուղղված հորդորին։
Հիշեցնենք, ասուլիսում Սանասարյանը հայտարարել էր. «Պարոն Վանեցյանը քննչական մարմնի վերադասը չի համարվում։ Առհասարակ ես իրեն էլ կոչ կանեմ, որ ինքն այս թեմայով չխոսի»։
Ինչ վերաբերում է այն մեկնաբանություններին, որ երկու պետական մարմինների միջև կռիվ կա, ապա Վանեցյանն արձագանքեց. «ՊՎԾ-ն ԱԱԾ-ի հետ ինչ ունի՞ կիսելու։ ՊՎԾ-ն կարող է ստուգել մեր ֆինանսաբյուջետային մասը, ուրիշ ոչինչ։ Ազգային անվտանգության ծառայությունն անում է իր աշխատանքը շատ մաքուր, շատ թափանցիկ, օրենքի բոլոր կետերի պահպանմանբ։ Եթե կլինի մի դեպք, երբ ԱԱԾ-ն ինչ-որ մի անձի նկատմամբ կիրականացնի ապօրինի հետապնդում, ես այդ օրը պատրաստ եմ պատասխան տալ թե օրենքի, թե հասարակության, թե բոլորի առջև»։
Ծառայության տնօրենը հորդորեց բոլորին չփորձել արհեստական աղմուկ ստեղծել Ազգային անվտանգության ծառայության շուրջ։
«Այն կարճ ժամանակահատվածում ձեռք է բերել մեծ հեղինակություն հասարակության շրջանում, և որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժի լեզվով կամ փորձել վախեցնել, որպեսզի մենք մեր գործառույթները չիրականացնենք։ Եթե կա մարդ, անկախ այն բանից, այդ մարդը պաշտոն է զբաղեցնում, հանդիսանում է այս կամ այն կուսակցության անդամ, ղեկավար, նույն կերպ պատասխան է տալու օրենքի առաջ, եթե օրենք չի խախտել այդ անձը, անկախ այն բանից, կլինի մեր համախոհը, թե «թշնամին» մենք նրան չենք կարող ենթարկել պատասխանատվության կամ հետպանդել։ Որ օրը կլինի նման դեպք, ես այդ օրը ոչ կաշխատեմ ԱԱԾ-ում, ոչ էլ կկարողանամ հասարակության աչքերին պարզ նայել։ Իսկ ես այսօր դուրս եմ գալիս փողոց ամեն օր ու շփվում եմ հազարավոր քաղաքացիների հետ, տեսնում եմ մարդկանց վերաբերմունքը։ Հորդորում եմ բոլորին, որ արհեստական աղմուկ չստեղծել»,-ասաց նա։
Լրագրողները հետարքրվեցին, իշխանափողությունից հետո ինչո՞ւ ԱԱԾ-ում էլ կոռուպցիոն դեպքեր չհայտնաբերվեցին։ Ծառայության տնօրենը պատասխանեց՝ եղել են, դրանց հրապարակումը նպատակահարմար չի եղել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին