Վանեցյան. Եթե պարզվի, որ Սանասարյանի քրգործում թույլ են տրվել ապօրինություններ, պատասխան կտամ (factor.am-ի եթերից)
Եթե պարզվի, որ ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանի մեղադրանքը չհաստատվի, հրաժարակա՞ն կտա ԱԱԾ տնօրենը։ Հարցը լրագրողներն ուղղեցին Արթուր Վանեցյանին։ Վերջինն արձագանքեց, ինչո՞վ է տարբերվում Դավիթ Սանասարյանը Հայաստանի մյուս քաղաքացիներից։
«Դուք պատկերացնո՞ւմ եք, ինչքան մարդու է մեղադրանք առաջադրվում ԱԱԾ քննչական դեպարտամենտում, որը նախաքննության ընթացքում չի հաստատվում։ Այ, եթե ապացուցվի, որ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական գործի շրջանակում թույլ են տրվել կեղծիքներ, ապօրինություններ, այդ դեպքում կեղծիքներ թույլ տվածը պատասխան կտա օրենքի առաջ, իսկ ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, որի լիազորությունների մեջ է մտնում վերահսկել ու ճիշտ կազմակերպել այդ անձանց աշխատանքը, այդ ժամանակ ես պատասխան կտամ»,-ասաց Վանեցյանը Factor-ի ուղիղ եթերում։
Ծառայության տնօրենն ասաց, որպես հետաքննության մարմնի ղեկավար ամբողջությամբ ու լիարժեք տիրապետում է գործի մանրամասներին, չի կարող չտիրապետել։
Անդրադառնալով Սանասարյանի այն հայտարարությանը, թե պատրաստ է ձեռքը կտրել, եթե իր կողմից կաշառք վերցնելու վերաբերյալ տեսանյութ հրապարակվի, Վանեցյանն ասաց. «Չեմ կարծում, որ անդամահատության կարիք է լինելու»։
Հիշեցնենք, որ Սանասարյանն իրեն ԱԱԾ կողմից առաջադրված մեղադրանքը շինծու ու անհիմն է որակում։ Ի պատասխան ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր. «Այն մեղադրանքը, որ առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով։ Երբ գործը կուղարկվի դատարան, դուք բոլորդ, և առհասարակ հասարակությունը հնարավորություն կունենա ծանոթանալ այն ապացույցներին, որոնք ձեռք են բերվել քրեական գործի նախաքննության ընթացքում, բոլորը հնարավորություն կունենան գնահատել այդ ապացույցների իսկությունը»։
Ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժի լեզվով (factor.am-ի եթերից)
- Մեղադրյալ Սանասարյանը կոչով դիմեց ԱԱԾ տնօրենին
- Դավիթ Սանասարյանը ՄԻՊ-ին բողոք կներկայացնի
- Վանեցյան. Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ հիմնավորված է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան