Ահազանգեր կան, որ աշխատաշուկայում խտրականության դրսևորումներ են տեղի ունենում. վարչապետ
Գործադիրի այսօրվա նիստում քննարկվեց ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Նախագծով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ, որով կսահմանվի դրույթ այն մասին, որ աշխատողի տարիքը չի կարող հանդիսանալ օրինական արգելք կամ պատճառ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար, բացառությամբ այլ օրենքներով կարգավորվող դեպքերի:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ նախագծով առաջարկվող կարգավորումը իր բովանդակությամբ չի համապատասխանում օրենսգրքի 94-րդ հոդվածի բովանդակությանը և այդ հոդվածով ամրագրվող կարգավորումներին, որոնք վերաբերում են աշխատանքային պայմանագրի տեսակներին և ըստ էության սահմանում, որ աշխատանքային պայմանագրերը կարող են լինել երկու տեսակի՝ անորոշ ժամկետով և որոշակի ժամկետով:
«Միայն տարիքին վերաբերող մասով արգելքի առանձին դրույթ սահմանելը ընդունելի չէ, քանի որ այդ պարագայում անհրաժեշտ կլինի օրենսգրքում նման արգելք սահմանել նաև սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման հատկանիշների և այլ հանգամանքներով պայմանավորված ևս: Բաից այդ, օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված է, որ աշխատանքային իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը հավասարապես ճանաչվում է ՀՀ բոլոր քաղաքացիների համար»,- նշեց նախարարը:
Այսպիսով, ըստ Զարուհի Բաթոյանի, կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենսգրքի հոդվածը թողնել անփոփոխ:
«Ի՞նչ է ստացվում, որ մեր Սահմանադրության մեջ խտրականությունը արգելող շատ հստակ հոդված կա: Սակայն մենք տարբեր ահազանգեր ենք ստանում, որ աշխատաշուկայում խտրականության տարբեր դրսևորումներ այնուամենայնիվ տեղի են ունենում», - ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին հարցրեց, թե ինչպես պետք է խնդիրը լուծեն:
Վերջինս նշեց, որ իրականում սեռով և տարիքով պայմանավորված խտրականության դրսևորումներ կան՝ հատկապես կանանց հետ կապված: Արման Թաթոյանի խոսքով՝ «Աշխատանքային օրենսգրքի» ընդհանուր դրույթները հաճախ հնարավորություն չեն տալիս, որ առավել արդյունավետ պաշտպանություն իրականացնել:
«Այսինքն՝ մենք ընդունում ենք, որ իսկապես նման խնդիր կա, բայց միայն տարիքով պայմանավորված խնդրին լուծում տալը կնշանակի, որ մյուս դեպքերում խտրականությունները թույլատրվում են: Պետք է հստակ սահմանենք բոլոր դեպքերը, որտեղ չի թույլատրվում խտրականություն: Կարծում եմ, որ այս առումով նաև հեղինակի հետ կարելի է աշխատել, որ ամբողջական տեսքի բերվի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: