Վթարի հետևանքով զինծառայող եղբայրներ են զոհվել
Անցած գիշեր Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել։
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «ԿամԱԶ» մակնիշի (վարորդ՝ Ն.Թ., ծնված 1986 թ.) և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:
ՃՏՊ-ի հետևանքով «Toyota» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ա.Ա.-ն (ծնված 1994 թ.) տեղում մահացել է: Փրկարարները «Toyota» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել մյուս ուղևորին՝ Լ.Ա.-ին (ծնված 1996 թ.): Վերջինս հոսպիտալացվել է Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ մահացել է:
Զոհվածները՝ Ա.Ա-ն ու Լ. Ա-ն հարազատ եղբայրներ են։ Ինչպես գրում է «Փաստինֆո»-ն, նրանք պայմանագրային զինծառայողներ են։
Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։